Քաղաքական

26.09.2023 08:41


ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից վիրավորների թիվն անցնում է 200-ը, 7 մարդ հիվանդանոցում մահացել է

ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից վիրավորների թիվն անցնում է 200-ը, 7 մարդ հիվանդանոցում մահացել է

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Լեռնային Ղարաբաղի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։

Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։

Շատ շտապ, առանց հապաղելու»,-նշել է ԼՂ ՄԻՊ-ը։

***

Ասկերանի շրջանում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։

Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։

Ցավոք սրտի, 7 տուժածի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։

Պայթյունից տուժած տասնյակ մարդիկ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

«13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։

Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն»,-հայտնել են ԼՂ առողջապահության նախարարությունից՝ ընդգծելով, որ Ստեփանակերտում գտնվող բժիշկներն ու բուժանձնակազմն այս ծանր և սուղ պայմաններում կատարում են ամեն հնարավորը՝ վիրավորների կյանքը փրկելու համար: Զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք։

Այս խորագրի վերջին նյութերը