Աշխարհ

26.09.2023 22:11


Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ

Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին պատասխանելիս, ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն այս հարցը քննարկել է Թուրքիայի հետ:

Լրագրողը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը նախօրեին մեկնել է Նախիջևան, որտեղ ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող ենք անցնել Հայաստանով։ Լրագրողը հետաքրքրվել է այս առնչությամբ Վաշինգտոնի տեսակետի վերաբերյալ:

«Ես չեմ պատրաստվում դա հատուկ մեկնաբանել, միայն կասեմ, որ մենք Թուրքիայի կառավարության հետ քննարկել ենք այս հարցը։ Դա այն հարցերից մեկն էր, որը պետքարտուղար Բլինկենը քննարկել է իր թուրք գործընկերոջ հետ, երբ նրանք հանդիպել են ուրբաթ Նյու Յորքում։ Մենք շարունակում ենք հուսալ, որ մեր բոլոր դաշնակիցներն ու գործընկերները, իհարկե նաև Թուրքիան, կարող են կառուցողական դեր խաղալ տևական համաձայնության հասնելու գործում։ Բայց կոնկրետ առաջարկի վերաբերյալ մեկնաբանություն չունեմ»-ասել է Միլլերը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Նախիջևանից վերադառնալիս հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը ռազմավարական խնդիր է:

«Այս միջանցքը, որը շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, ռազմավարական խնդիր է և դրա իրագործումը պետք է ավարտին հասցվի։ Երբ այս միջանցքը բացվի, Բաքվից մեկնող մեքենան կամ գնացքը կկարողանա անմիջապես Կարս հասնել։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունը շատ ավելի կուժեղանա:Հաճելի է այս հարցում Իրանի կողմից դրական ազդակներ տեսնել»,-ասել էր նա։

Ըստ Էրդողանի՝ եթե Հայաստանը աշխատանք չկատարի միջանցքի բացման ուղղությամբ, ապա այն անցնելու է Իրանի տարածքով։

«Իրանը հիմա սրան դրական է նայում, և քանի որ դրական է նայում, այժմ հնարավոր կլինի Իրանից անցում կատարել Ադրբեջան»,-ասել էր Էրդողանը:

Այս խորագրի վերջին նյութերը