Կարծիք

27.09.2023 13:06


Ի՞նչ ասել մարդկանց, որ տուն ու գյուղ ու երկիր են կորցրել. արցախցի ուսուցչուհի

Ի՞նչ ասել մարդկանց, որ տուն ու գյուղ ու երկիր են կորցրել. արցախցի ուսուցչուհի

Մարդկանց քաոտիկ ամբոխում ոսկեդեղին մազեր եմ տեսնում` թափված հոր ուսին: Մի քանի ակնթարթ անշարժ նայում եմ իրենց ուղղությամբ: Հայրը շրջվում է, հարևաններիցս մեկն է` աչիկոյի` Լուսեի հետ: Կորած հարազատներին գտածի պես մոտ եմ վազում: Մի քիչ հեռու Մերին է կանգնած` երեք երեխաների ծննդյան վկայականները ձեռքին, գրանցում են անում: Գրկվում ենք, Մերին լացում է, իմ արցունքները դեպի ներս են հոսում: Չգիտեմ` ինչ եմ ասում իրեն, ասում եմ թե չեմ ասում: Ես դպրոցում ու համալսարանում գերազանցիկ եմ եղել: Ինձ ոչ ոք երբեք չի սովորեցրել ինչ ասել մարդկանց, որ տուն ու գյուղ ու երկիր են կորցրել:

Մեր գյուղապետին եմ տեսնում: Մի քանի օրում մի քանի տարով մեծացած է երևում պարոն Ամիրյանը: 2 տարի առաջ առաջինն իրեն էի զանգել` տանս մասին հետաքրքրվելու: Հարցրի` իսկ վարձն ինչքա՞ն է, ասաց` ի՞նչ վարձ, գալիս եք մեր գյուղում դասավանդելու, ո՞վ պիտի Ձեզնից վարձ վերցնի: Էսօր ասում է` տեսա՞ր, Աստղիկ` ոնց կորցրինք մեր գյուղը: Ինձ այս դեպքի համար էլ ոչինչ չեն սովորեցրել: Չգիտեմ ինչ ասել գյուղը կորցրած գյուղապետին: Կոկորդս ցավում է անհարմար լռությունից: Մտածում եմ` երբևէ ավելի տխուր հայացք տեսած չկամ:

Շենքից դուրս եմ գալիս մի պահ, դռների մոտ աշակերտներս են կանգնած` Արսենն ու Կարենը: Արսենն անակնկալի է գալիս... ընկեր Քեշիշյա՞ն, էս Դու՞ք եք, մի պահ ինձ թվաց` Արցախում ենք բոլորս: Գրկում եմ էրեխեքին: Ինքս ինձ էլ չգիտեմ ինչ ասել: Չեն սովորեցրել ինչ ասել ուսուցչին, որ դիմավորում է 10 ամսվա բլոկադայից, 3-րդ կռվից ու 2 օրվա խցանումից փրկված աշակերտներին: Որոշում ենք շուտով հանդիպել, երբ բոլորը կգան, բոլորը կտեղավորվեն, բոլոր մերոնք:

Քայլում եմ, կանչում են` Աստղիկ: Շրջվում եմ, էլի մոխրաթաղցիներ: Միայն մեկին եմ ճանաչում: Ուզում եմ բոլորին էլ գրկել, ամաչում եմ: Նորմա՞լ է գրկելն անծանոթ մարդկանց, եթե ձեզ միավորում է նույն գյուղը կամ նույն գյուղը կորցնելը: Չգիտեմ, դա էլ չեն սովորեցրել:Հասկանում եմ, որ սա ինչ-որ նոր կյանք է, որն ապրելու ձևը ես դեռ չգիտեմ:

Աստղիկ Քեշիշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը