Քաղաքական

27.09.2023 14:15


ԱՄՆ-ն և ԵՄ-ն Հայաստանի ղեկավարությանը համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ (տեսանյութ)

ԱՄՆ-ն և ԵՄ-ն Հայաստանի ղեկավարությանը համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ (տեսանյութ)

Ստացվող տեղեկատվության համաձայն՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը համոզում են Հայաստանի ղեկավարությանը դուրս գալ ՀԱՊԿ-ից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով`բացի ՀԱՊԿ-ից դուրս գալուց, Երևանին համոզում են նաև արագացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, վերակողմնորոշել ռազմատեխնիկական համագործակցությունը և խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ՝ առանց հաշվի առնելու ղարաբաղյան հայերի իրավունքներն ու անվտանգությունը:

Զախարովան ուշադրություն է հրավիրել այս օրերին ամերիկյան քաղաքական գործիչների ակտիվ այցերի վրա, մասնավորապես ՝ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերի, պետքարտուղարի օգնական Յուրի Քիմի, Սենատի պատվիրակության: Եվ այդքանըմիայն մակերեսին երևացողն է։

ՌԴ ԱԳՆ խոսնակը կարծում է, որ այդ նպատակների հետևից ընկնելով ՝ արևմտամետները մոռացել են մարդու իրավունքների ոլորտում սեփական որևէ արժեքի մասին՝ աչք փակելով, օրինակ, Հայաստանում ցուցարարներին ծեծելու, ձերբակալելու վրա։

«...Եթե ԱՄՆ-ն տեսնում էր, թե ինչ է կատարվում նույն Իրանում, ապա գոնե պետք է տեսներ նաև, թե ինչ է կատարվում Երևանում։ Բայց ԱՄՆ-ն լռում է։ Եվ դա նույնիսկ երկակի ստանդարտներ չեն, դա ստանդարտների բացակայություն է, սեփական ժողովրդավարական արժեքների ոտնահարում, ըստ էության` միջամտություն ինքնիշխան պետության գործերին»,-հավելել է Զախարովան։

***

Մենք տեսնում ենք, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, մեղմ ասած, մնում է ոչ հեշտ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ամենից առաջ կցանկանայի ցավակցություն հայտնել Ստեփանակերտում պայթյունի հետեւանքով զոհվածների հարազատներին եւ մերձավորներին, բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։

Ռուս խաղաղապահներն ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել ծագած հրդեհի մարման, տեղում անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու գործում։ Այս ողբերգական միջադեպի 120 վիրավորները Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղղաթիռներով տեղափոխվել են Հայաստանի տարածք։ Կշարունակենք մեր գործունեությունը՝ բնակչության նորմալ կենսագործունեության ապահովման նպատակով։ Հիմնական կայունացնող մեխանիզմը տարածաշրջանում մնում է ռուսական խաղաղապահ զորակազմը, որն անձնազոհաբար կատարում է իր պարտքը»,-նշել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը