Քաղաքական

28.09.2023 17:59


Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ԱԺ-ում կգտնվեն ուժեր, որոնք չեն հաստատի Հռոմի ստատուտի «տոքսիկ» որոշումը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ԱԺ-ում կգտնվեն ուժեր, որոնք չեն հաստատի Հռոմի ստատուտի «տոքսիկ» որոշումը. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա. Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի Ազգային ժողովում կգտնվեն ուժեր, որոնք չեն հաստատի Հռոմի ստատուտի «տոքսիկ» որոշումը. ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել են ՌԴ ԱԳՆ-ից։

Գերատեսչությունում նշել են, որ Երևանը հաշվի չի առել Հռոմի ստատուտի վերաբերյալ Մոսկվայի պատասխան առաջարկները։

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումից հետո դժվար կլինի պատկերացնել ՌԴ ղեկավարության այցերը հանրապետություն, ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել էր, որ Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը:

«Հայաստանը լավ գիտի, որ մենք (Հռոմի ստատուտի) մասնակից չենք, և Հայաստանը քաջատեղյակ է (Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու հրաման տալու) ուղեղում դժվար տեղավորվող որոշման մասին, որը կայացվել է այս կանոնադրության հիման վրա։ Մենք գիտենք, որ Երևանում սա շատ լավ գիտեն։ Սա այն չէ, ինչ մենք ողջունում ենք: Իհարկե, Հայաստանն ինքնիշխան պետություն է և մենք հույս ունենք, որ նման որոշումները բացասական անդրադարձ չեն ունենա երկկողմ հարաբերություններին»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ խոսելով Հայաստանի համապատասխան քայլերի մասին։

Պեսկովի խոսքով՝ նման որոշումը «չափազանց թշնամական» է Ռուսաստանի նկատմամբ։ Նա նաև հայտարարել է, որ ծանոթ չէ Հռոմի ստատուտի իրավական լուծման Հայաստանի առաջարկած համաձայնագրի մանրամասներին։ Պեսկովը հավելել է, որ Պուտինն առաջիկայում չի նախատեսում Հայաստան այցելել։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միաձայն ընդունվել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին նախագիծը, այն ներառվել է ԱԺ քառօրյայի օրակարգ: Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը