Աշխարհ

05.10.2023 10:56


ԱՄՆ կոնգրեսում կոչ են արել աջակցել Հայաստանին և դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը

ԱՄՆ կոնգրեսում կոչ են արել աջակցել Հայաստանին և դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նորանշանակ նախագահ Բոբ Քարդինը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով Հայաստանին աջակցելու և Ադրբեջանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը վերագնահատելու անհրաժեշտությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդինը նշել է, որ գրեթե 1 տարվա սարսափելի շրջափակումից, այնուհետև ռազմական ուժի կիրառումից հետո Ադրբեջանին հաջողվեց վերահսկողության տակ առնել Լեռնային Ղարաբաղը՝ «ջնջելով այնտեղից հայ բնակչությանը և հարուստ պատմությունը»։

«Մինչ աշխարհը շարունակում է պայքարել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների համակարգված, միտումնավոր արշավի հետ, մենք պետք է առաջնահերթություն տանք արտաքսված հայերին աջակցությանը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին»,-նշված է հայտարարությունում։

Հանձնաժողովի նախագահը կարևոր է համարել այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք թույլ չեն տա, որ Ադրբեջանը ռազմական առումով առաջ գնա՝ փորձելով նոր տարածքներ գրավել։

«Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունը, մինչև այն չկանգնեցնի այս դաժան արշավը։ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է նաև վերահաստատեն հանձնառությունը պատերազմական հանցագործությունների և վայրագությունների փաստագրմանը, ինչպես նաև շարունակեն աջակցել ռազմագերիների վերադարձին, որոնցից շատերին Ադրբեջանը շարունակում է պահել»,-շեշտել է Բոբ Քարդինը։

Սենատորը նաև անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի նկրտումներին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» առումով։

«Վերջապես, մենք պետք է համերաշխությամբ կանգնենք հայ ժողովրդի կողքին, հատկապես երբ Ադրբեջանն ու Թուրքիան դիտարկում են «Զանգեզուրի միջանցքի» հնարավորությունը։ Մենք պետք է ավելացնենք հումանիտար աջակցությունն այն էթնիկ հայերին, որոնք հեռացել են Լեռնային Ղարաբաղից։ ԱՄՆ-ն պետք է նաև շարունակի աջակցել Հայաստանի ղեկավարության կողմից վերջին տարիներին նախաձեռնած ժողովրդավարական բարեփոխումներին, այդ թվում՝ թափանցիկության ապահովման, արդյունավետ կառավարման և ԱՄՆ-ի ու Արևմտյան Եվրոպայի հետ ավելի ընդարձակ տնտեսական համագործակցության ջանքերին»,-եզրափակել է սենատոր Քարդինը։

Այս խորագրի վերջին նյութերը