Աշխարհ

26.10.2011 09:36


ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանի դիմակազերծումը

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան  Նամիկ Թանի դիմակազերծումը

Անցյալ շաբաթ մերկացնող մի փաստաթուղթ ստացա Բենջամին Յաֆեթից, ով 1976 թվականին Թուրքիայից Միացյալ Նահանգներ ներգաղթած հրեա է: Յաֆեթը թոշակառու պրոֆեսոր է և Արիզոնայում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործարար:

Պրոֆեսոր Յաֆեթը խոստովանեց, որ վերջին տարիներին ինքը Թուրքիայի մոլի ջատագովից վերածվել է հակաթուրքական խաչակրի: Նա բացատրեց, որ ինքը սկսեց զզվել Թուրքիայից այն ժամանակ, երբ Հիտլերի «Mein Kampf»-ը դարձավ այդ երկրում բեսթսելեր: Այդ ժամանակվանից ի վեր նա «1000 ու մի պատճառ» է ունեցել Թուրքիայի երկերես քաղաքականությունից գարշելու համար: Իրականում, նա այնքան զզված էր, որ տեղեկացրեց Անկարային, որ ինքը հրաժարվում է Թուրքիայի քաղաքացիությունից:

Յաֆեթը իր էլեկտրոնային փոստին կցել էր 1998 թվականի Նյու Յորք Թայմս թերթում տպագրված խմբագրականը՝ «Թուրքիայի կործանարար գեներալները» խորագրով: Խմբագրականը խստորեն քննադատում էր գեներալներին այդ ժամանակ Ստամբուլի քաղաքապետ, իսկ ներկայումս Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Էրդողանին բանտարկելու համար: Քաղաքապետ Էրդողանը պաշտոնանկ էր արվել իսլամական մի պոեմ արտասանելուհամար: Թայմս թերթի խմբագիրներն իրենց դժգոհությունն էին հայտնել, որ «Թուրքիայի քաղաքականությանը միջամտող» բռնակալ գեներալները խոչընդոտում են ազատ խոսքը, փակում են իսլամական դպրոցները և ձերբակալում այն գործարարներին, ովքեր ֆինանսավորում են իսլամական քաղաքական գործիչներին:

Որպես Թուրքիայի հավատարիմ ջատագով՝ պրոֆեսոր Յաֆեթը մի ջախջախիչ նամակ հղեց Թայմս թերթին՝ պաշտպանելով ռազմական դիկտատուրայի կողմից ձեռնարկված անողոք քայլերը «Բարօրություն» (Ռեֆահ) իսլամական կուսակցության դեմ, որը Էրդողանի«Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության իրավանախորդն էր:

Այնուհետև Յաֆեթն այդ նամակի պատճենն ուղարկեց Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն՝ հպարտությամբ տեղեկացնելով նրանց իր ծննդավայրին ի նպաստ գործած «սխրագործության մասին»: Մի քանի օրվա ընթացքում, նա շնորհակալական նամակ ստացավ Նամիկ Թանից, ով այն ժամանակ «խորհրդատու և դեսպանատան խոսնակն» էր, իսկ այժմ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանը: Թանը գովաբանեց պրոֆեսոր Յաֆեթին՝ նշելով, որ նրա «հակահարվածը սրամիտ, լուսամիտ և տրամաբանական փաստարկ է, որը անդրադառնում է հարցերին խորը ըմբռնումով և ընկալմամբ, ինչն ընդհանուր առմամբ միանգամայն համապատասխանում է նաև մեր մոտեցմանը»:

 

Թայմսին ուղղված պրոֆեսոր Յաֆեթի նամակի ուշադիր ընթերցումը բացահայտում է, թե ինչու Նամիկ Թանը նրան արժանացրել է նման շռայլ գովեստի: Համեմատելով Էրդողանի գաղափարախոսությունը Նացիզմի հետ` Յաֆեթը մեղադրեց նրա կուսակցությանը «ժողովրդավարությանը վերջ դնելու քարոզելու» համար՝ նպատակ ունենալով «փոխարինել այն իսլամական կրոնապետությամբ»: Նա շարունակեց բացատրել, որ «կուսակցության ծրագրի ուշադիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրա օրակարգը Իրանի Այաթոլլահի գաղափարախոսության ճիշտ պատճենն է: Կուսակցության տեսության ուղղակի կիրառումը կզրկեր թուրք կանանց իրենց այդքան դժվարին ձեռքբերված քաղաքացիական իրավունքներից, և նրանք առաջին հերթին կկորցնեին չադրա (լաչակ) ՉԿՐԵԼՈՒ իրենց իրավունքը: «Բարօրություն» կուսակցությունը, ըստ էության, տոտալիտար, ռասսայական և հակասեմական փիլիսոփայություն է և հակաժողովրդական: Այս ցանկը նույնիսկ չի ներառում միջազգային հետևանքները այն արտաքին քաղաքականության, որը նրանք ուզում էին կիրառել Թուրքիայի նկատմամբ»:

Ավարտելով իր նամակը՝ պրոֆեսոր Յաֆեթը զգուշացրեց, որ իսլամական կուսակցությունը Թուրքիային կհանի ՆԱՏՈ-ի կազմից, կփակի ԱՄՆ բազաները, կսպառնա Իսրայելին, կմիանա Լիբիային, Իրանին և Սուդանին և կսատարի Համասին և Հիզբալլահին: Յաֆեթը նույնիսկ պահանջեց, որ Թայմսի խմբագիրները ներողություն խնդրեն թուրք գեներալներից:

Վերջին շաբաթվա իր էլեկտրոնային փոստում պրոֆեսոր Յաֆեթը ծաղրանքով նշեց այն հակասությունը, որ նույն Նամիկ Թանը, ով շնորհակալություն էր հայտնել իրեն իր հակաէրդողանական նամակի համար 1998 թվականին, այժմ ներկայացնում է մի իսլամական կառավարություն, որը նա տարիներ առաջ այդքան արհամարհում էր:

Իսկապես ապշեցուցիչ է, որ 2010 թվականին Թուրքիայի կառավարությունը կարող էր Վաշինգտոն գործուղել մի դեսպանի, ով դեմ էր Էրդողանի իսլամիստական կուսակցությանը և սատարում էր նրան ձերբակալած գեներալներին: Թեպետ հասկանալի է, որ Էրդողանն ինքն անտեղյակ էր Թանի 1998 թվականի նամակի մասին, սակայն անհավանական է, որ Արտաքին գործերի նախարարությունում իր վերադասները տեղյակ չլինեին նրա ռազմամետ և հակաժողովրդավարական դիրքորոշումներին: Ի վերջո, 1982 թվականից Թանը եղել է պրոֆեսիոնալ դիվանագետ և մինչև Վաշինգտոնում դեսպան նշանակվելը աշխատել է Անկարայում Արտաքին գործերի նախարարությունում ենթաքարտուղարի տեղակալի պաշտոնում:

Մնում է տեսնել, թե ինչպես է վարչապետը արձագանքելու դեսպան Թանի դիմակազերծմանը: Էրդողանը կարող է հանդիմանել Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով AKP-ի կառավարությունը Միացյալ Նահանգներում ներկայացնելու համար դեսպան է նշանակել մի մարդու, ով ունի նման հակաիսլամիստական համոզմունքներ:

Իսկապես, դեսպան Թանը կարող է վաղաժամկետ հեռացվել Վաշինգտոնից, ինչը պատահեց նախորդ դեսպան Նաբի Սենսոյին, Դավութօղլուի հետ վիճելուց հետո:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրեր» թերթի խմբագիր

Թարգմանիչ՝  Կարինե Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը