Քաղաքական

08.10.2023 06:50


Կարմիր բերետավորը դարձել է իշխանական բութ գործիք․ փաստաբան (լուսանկար)

Կարմիր բերետավորը դարձել է իշխանական բութ գործիք․ փաստաբան (լուսանկար)

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակիորեն բավարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի բողոքը, մասնավորապես, բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումն ու նյութերն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ Yerkir.am-ի հետ զրույցում Մինասյանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը փաստել է, որ վստահորդը սեփական իրավունքների պաշտպանության և ոստիկանական ապօրինությունների դեմ մեկ ու կես տարի պայքարից հետո, հայտնվել է նույն զրոյական կետում։

2022 թ․ մայիսի 18-ին Ֆրանսիայի հրապարակում, մի խումբ ոստիկաններ՝ առանց օրինական հիմքի, անհամաչափ բիրտ ուժ էին գործադրել Արծվիկ Մինասյանի հանդեպ։ Դեպքի վերաբերյալ՝ նույն օրը հաղորդում էր ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն, նախաձեռնվել էր քրեական վարույթ և Արծվիկ Մինասյանը ճանաչվել էր տուժող կողմ։

Սակայն որոշ ժամանակ անց քննիչը կայացրել էր անհիմն ու կամայական որոշում՝ կարճելու վարույթը՝ պատճառաբանելով հանցագործության բացակայությությունը։ Որոշումը բողոքարկելու համար Մինասյանը նախ դիմել էր դատախազություն, սակայն ապարդյուն։ Դատախազության մերժումից հետո, ընդդիմադիր պատգամավորը դիմել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարան ու կրկին մերժում ստացել, ինչից հետո էլ այս որոշումը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։

«Խնդիրը նրանում է, որ նիկոլ փաշինյանի իշխանությունը, այլևս միայն հենվում է իրավապահ համակարգի վրա, ինչի հետևանքով կատարվում են նման ապօրինություններ և երկակի ստանդարտների նմանատիպ ցայտուն դեպքեր: Առաջացել է մի արատավոր շղթա՝ ոստիկան-քննիչ-դատախազություն-դատարան, որը դարձել է մամլիչ գործիք ընդիմադիր խոսքը լռեցնելու և ընդիմադիրներին ճնշելու համար»,-ասել է Սերգեյ Հարությունյանը:

Փաստաբանի խոսքով, նմանատիպ դեպքերը գնալով ավելի են շատանում, ինչը հետևանք է անպատժելիության և նախկին ապօրինությունները կոծկելուն, այդ թվում՝ զոհված զինծառայողների մայրերի հանդեպ կարմիր բերետավորների գործադրած բռնությունները, Արցախը հանձնելու դեմ բողոքի ակցիաներ իրականացնող երիտասարդների նկատմամբ հանցավոր, ընդգծված բռնի գործողությունները:

«Ցայտուն օրինակ է նաև, Լևոն Քոչարյանի հետ կատարվածը, երբ տեսաերիզում ակնհայտ երևում է, որ դաժանաբար բռնություն գործադրում են կարմիր բերետավորները, սակայն ընդամենը ոստիկանների ցուցմունքների հիման վրա քրեական գործ է հարուցվում Լևոն Քոչարյանի նկատմամբ, մեղադրանք առաջադրվում է միայն նրան և վերջինս է այժմ անազատության մեջ: Ստացվում է աբսուրդային իրականություն՝ մենք բոլորս տեսաերիզում տեսնում ենք այլ իրականություն, սակայն քննիչը, դատախազն ու դատավորը հիմնվում են ոստիկանների անիրական ցուցմունքների վրա։ Այս ամենը մարդկանց մոտ առաջացնում է անզորություն, ինչը չափազանց վտանգավոր է։ Պատմության մեջ դեռևս ոչ մի իշխանության չի հաջողվել բռնություններով ու ապօրինություններով հարատևել»,-հավելել է փաստաբանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ամբողջությամբ՝ ստորև։

2b63f69591854089b7e662188f68b6fa.jpeg 2c2d1395c2b0a4999017a69e2cd7cf5c.jpeg 3c12813b1d5f273b899e0b57c0e4e453.jpeg 586fbbd726e5477ed1780839540472c4.jpeg 7dc7946d8d71b6db7fedac142e6c6c16.jpeg 87503f6937dfca509f2b51cfe4ed588b.jpeg b9573722d6d7f0e3fd58c25490f0ea91.jpeg d19ac757ea53eaa7c559475777e2f16c.jpeg e8ec2603e4dd760d584dac83914cef90.jpeg eb16f1292e47d610e2f773fe7e71ca9a.jpeg ee2c9ba3a31f856ba68b2065d89ee99f.jpeg fc9ad1edec330fe25d80510c2913b19b.jpeg

Այս խորագրի վերջին նյութերը