Քաղաքական

09.10.2023 13:58


Արցախի նախագահների կալանավորումն ապօրինի է, նպատակը նաև հոգեբանական առավելություններ ձեռք բերելն է. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)

Արցախի նախագահների կալանավորումն ապօրինի է, նպատակը նաև հոգեբանական առավելություններ ձեռք բերելն է. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)

Ադրբեջանի կողմից Արցախի երեք նախագահների կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ նշեց Միզազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

«Հանցագործության բացահայտման իրավական մեխանիզմները եւ կալանավորման հնարավորություններն Ադրբեջանի կողմից օգտագործվել են ուժի ցուցադրության նպատակով։ Ադրբեջանն այդպիսով փորձում է պատժել այն անձանց, որոնք խորհրդանշանական նշանակություն են ունեցել Արցախի պետականության համար, օրինակ` նախագահներն այդպիսի դեր ունեին, քանի որ նրանք են ապահովել ժողովրդի համախմբումն ու պայքարը հանուն Արցախի միջզգային իրավական ճանաչման։ Դա նաև վերաբերում է հայանպաստ գործիչներին ու ռազմական գործիչներին»,–ընդգծեց Սահակյանը։

Ըստ նրա` Ադրբեջանի պատժիչ գործողությունները ցուցադրական են, նպատակը նաև հոգեբանական առավելություններ ձեռք բերելն է, որի երկարաժամկետ էֆեկտներից փորձելու է օգտվել Ադրբեջանը:

«Չճանաչված պետության մեջ պաշտոն զբաղեցնելը թույլատրելի գործողություն է, և մենք նախադեպեր չունենք, որ չճանաչված պետության ղեկավարները պատասխանատվության կանչվեն այդ պետությունը ղեկավարելու համար։ Արցախի Հանրապետությունը միջազգային ռեգիստրներում երբեք չի որակվել` որպես ահաբեկչական կազմավորում, իսկ այն ղեկավարած անձինք չեն ներառվել ահաբեկիչների ցանկում։ Ըստ այդմ` ձերբակալություններն ապօրինի են ու Արցախի պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերը` շինծու»,–ընդգծեց Սահակյանը։

«Բոլոր այն պայմաններում, երբ ինքնորոշման իրավունքն իրացվում է միջազգային իրավունքի կոպտգույն խախտումներով, միջազգային կազմակերպությունները դրան հակազդելու նաեւ իրավական գործիքներ ունեն: Օրինակ, ՄԱԿ-ի ԱԽ-ն հարցը գնահատելով կարող է արձանագրել, որ ինքնորոշումը խախտել է միջազգային իրավունքը եւ կոլեկտիվ չճանաչման պահանջ-կոչ ներկայացնի միջազգային հանրությանը: Նման դեպքեր եղել են Ռոդեսիայի, նաեւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության դեպքերում: Անգամ այս պարագայում, որ կա միջազգային կոնսենսուս, որ չճանաչված պետությունը ձեւավորվել է միջազգային իրավունքի ակնհայտ խախտումներով, անթույլատրելի է համարվել այդ պետականության մեջ դերակատարում ունեցող անձանց հետապնդելը, այն էլ այնպիսի լրջագույն հանցագործության համար, ինչպիսին ահաբեկչությունն է»,-ասաց Սիրանուշ Սահակյանը:

Արցախի պաշտոնյաներին առաջադրված մեղադրանքը, նրա համոզմամբ, կարող էր լինել քրեական օրենսգրքի ցանկացած հոդվածով, ու քանի որ Ադրբեջանը միջազգային հարթակներում ունի հեղինակություն, քաղաքական դրդապատճառներով կարող է հալածել ցանկացած անձի։

Միջազգային իրավունքի մասնագետը հիշեցրեց, որ ՄԻԵԴ 27 գործերից 11–ը կայացվել է Ադրբեջանի դեմ` քաղաքական դրդապատճառներով հալածանքների համար։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ Ադրբեջանը քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր կարելու և հասարակությանը մատուցելու ձևավորված պրակտիկա և պատմություն ունի։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։

ՀՀ–ն ՄԻԵԴ է դիմել, որպեսզի դատարանը Բաքվին պարտավորեցնի անհապաղ ազատել ԼՂ նախկին և ներկա ղեկավարներին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը