Տնտեսական

09.10.2023 17:59


3 միլիոն 120.000 դրամ՝ հրատապ մեկ անձ ընթացակարգով բիոզուգարանների տեղադրման և մաքրման ծառայությունների համար

3 միլիոն 120.000 դրամ՝ հրատապ մեկ անձ ընթացակարգով բիոզուգարանների տեղադրման և մաքրման ծառայությունների համար

Ներքին գործերի նախարարությունն օրերս հրատապ մեկ անձ ընթացակարգով պատվիրել է բիզոզուգարանների տեղադրման և մաքրման ծառայություններ: Այս հրատապ առաքելության համար, ըստ պետգնումների armeps համակարգի, նախարարությունը հոկտեմբերի 5-ին 3 միլիոն 120 հազար դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Փայլ Սերվիս» ՍՊԸ-ի հետ:

Այս գումարով նախատեսվում է Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում ՆԳՆ փրկարար ծառայության կողմից հոկտեմբերի 9-13-ն իրականացվող վարժանքների շրջանակներում տեղափոխել և տեղադրել 15 բիոզուգարաններ, մաքրել և ապահովել անհրաժեշտ պարագաներով:

2014 թվականից գրանցված «Փայլ սերվիս» ՍՊ ընկերության միակ սեփականատերը (2016 թվականից) Սիմա Սիմոնյանն է: Ընկերությունն իր ակտիվությունը պետգնումներում սկսել է 2019 թվականից. պետական տարբեր գերատեսչությունների հետ կնքված 13 պայմանագրից 6-ն այս ընկերության հետ կնքվել է՝ «մեկ անձ», իսկ 2-ը՝ «հրատապ մեկ անձ» ոչ մրցակցային ընթացակարգերով:

«Փայլ Սերվիս»-ի պատվիրատուներն են եղել ՀՀ ներքին գործերի նախարարությունը, «Հայաստանի հանրային Հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն, ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը և Ազգային ժողովը:

Բիոզուգարանների մաքրումը հրատապությամբ կատարելուց զատ՝ նշենք, որ Ներքին գործերի նախարարությունը, առհասարակ, հրատապ գնումների սիրահար է: Իսկ հրատապության մարաթոնի մեկնարկը ՆԳՆ-ում տրվել է 2018 թվականից. 55 պայմանագիր «հրատապ մեկ անձ ընթացակարգով»:

Միայն այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գերատեսչությունն այս ընթացակարգով կնքել է 10 պայմանագիր՝ «Սմարթլայն» ՍՊԸ -ի, Ա/ձ Վահե Վարդանյանի, «ԱՈւԹԴՈՐ ՍԵՆԹՐ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ի, ՄՏՍ Հայաստան ՓԲԸ-ի, Փայլ Սերվիս ՍՊԸ-ի, Վաչե Ասատրյան ԱՁ-ի, «Էֆ-տեքս» ՍՊԸ-ի հետ:

Մեկ այլ՝ ոչ մրցակցային «մեկ անձ ընթացակարգով» գնումները վերջին հինգ տարում 925 են:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը