Քաղաքական

11.10.2023 16:00


Փաշինյանը 6 ժամ թռչում է Գրանադա՝ անհասկանալի հանդիպման, բայց 2-3 ժամով Բիշքեկ գալ չի կարո՞ղ. Ալիև

Փաշինյանը 6 ժամ թռչում է Գրանադա՝ անհասկանալի հանդիպման, բայց 2-3 ժամով Բիշքեկ գալ չի կարո՞ղ. Ալիև

Եթե Մոսկվայի միջնորդությունը Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հարցում մերժվի հայկական կողմից, ապա այլընտրանքը կարող են լինել ուղիղ բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հոկտեմբերի 12-ին ռուսական կողմի առաջարկով պետք է տեղի ունենար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Բիշքեկում։ Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մենք ընկալում ենք երախտագիտությամբ, քանի որ Ռուսաստանը՝ մեր հարևանն ու դաշնակիցը, ինչպես նաև Հայաստանի դաշնակիցը, գտնվում է մեր տարածաշրջանում, ի տարբերություն նրանց, որոնք հազարավոր կիլոմետրեր հեռու են։ Մենք այս առաջարկը դրական ենք ընկալել, և մեր արտաքին գործերի նախարարը պատրաստ է հանդիպել ռուս և հայ գործընկերների հետ։ Ցավոք, հայկական կողմը այդ հանդիպումից հրաժարվել է։ Եվ ահա հիմա հարց է ծագում. ցանկանո՞ւմ է արդյոք Հայաստանը խաղաղություն։ Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև եթե խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի այդ հնարավորությունից։ Հայաստանի վարչապետը 6 ժամ թռչում է Գրանադա, մասնակցում այնտեղ անհասկանալի հանդիպման, որտեղ քննարկվում է Ադրբեջանն առանց Ադրբեջանի, իսկ 2-3 ժամով Բիշքեկ թռչել չի կարող, կարևոր գործեր ունի»,-նշել է նա։

Ալիևը հավաստիացրել է, որ Բաքուն պատրաստ է «շարունակել աշխատել խաղաղության պայմանագրի ուղղությամբ»։ «Եթե հայկական կողմը մերժի Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը, կարծում եմ, որ այլընտրանք կարող են լինել ուղիղ բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև։ Որևէ այլ հարթակ մենք կդիտարկենք՝ հաշվի առնելով այն երկրների վերաբերմունքը, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները ոչ թե Ադրբեջանի, այլ միջազգային իրավունքի ճշմարտացիությանը»,-նշել է նա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը