Քաղաքական

13.10.2023 10:32


Ամբողջ գիշեր մոտ 20 ծննդկան՝ երեխաներին գրկած, նստած էինք առաջին հարկում՝ երկաթե աթոռներին ու պայթյունններից պատուհանների ապակինները դղրդում էին․ սարսափ ֆիլմում նման բան չէիք տեսնի․ նորածնի մայր. «Փաստինֆո»

Ամբողջ գիշեր մոտ 20 ծննդկան՝ երեխաներին գրկած, նստած էինք առաջին հարկում՝ երկաթե աթոռներին ու պայթյունններից պատուհանների ապակինները դղրդում էին․ սարսափ ֆիլմում նման բան չէիք տեսնի․ նորածնի մայր. «Փաստինֆո»

Իրինայի ու Լևոնի երրորդ որդին՝ Ալեքսանդրը, որ ծնվել է սեպտեմբերի 19-ին՝ ռմբակոծության տակ, Ստեփանակերտի ծննդատան նկուղում, ծնողների հետ Երևան է հասել։ Զգացողությունները, որոնք ունեցել է այդ օրը և տեսարանները, որոնց ականատես է եղել, Իրինային սարսափ ֆիլմ են հիշեցնում։

«Արդեն պառկեցրել էին, ծննդատանն էի․ բժիշկս ասել էր, որ կեսօրվա կողմ կծծնդաբերեմ։ Շրջափակման հետևանքների, պատերազմի վերսկսման վտանգի, առանց ջեռուցման փոքրիկին մեծացնելու խնդիրներից էինք խոսում, մեկ էլ սկսվեց․ ժամը 13։10 էր։ Հենց սկսեցին հրետակոծել, բժիշկները միանգամից դուրս վազեցին, ու թե ինչ սարսափ պատեց ինձ այդ պահին, չեմ կարող նկարագրել․ մտածեցի՝ վերջ, մնացի մենակ․․․ Րոպեներ անց հինգ հոգով ներս մտան՝ այդ թվում գլխավոր բժիշկը։ Որոշեցին, որ պետք է ինձ իջեցնեն նկուղ, այնտեղ ծծնդաբերեմ, քանի որ վտանգը մեծ էր, որ կռմբակոծեն նաև ծննդատունը՝ ինչպես 44-օրյային են արել։ Աչքիս առաջից չի գնում պատկերը, որ տեսա այդ օրը․․․ Բոլորը լացելով վազում էին այս ու այն կողմ, փորձում զանգել հարազատներին, լացում, գոռում․․․ Հայացքները, որոնց հանդիպել եմ ինձ նկուղ տանելու ընթացքում տառապանքի մարմնացում էին, ցավ էր կաթում բոլորի դեմքից, ցավ․․․»,-«Փաստինֆո»-ին պատմում է ռումբերի պայթյունների տակ ծնված Ալեքսանդրի մայրը։

Փոքրիկը ծնվել է ժամը ուղիղ 14։00-ին։ Նորածինը մոտ 4 ժամ մնացել է նկուղում՝ այնտեղ լցված տասնյակ սարսափահար մարդկանց հետ։ Երեկոյան կողմ միայն Իրինային ու մյուս ծննդկաններին բարձրացրել են առաջին հարկ։

«Ամբողջ գիշեր մոտ 20 ծննդկան՝ երեխաներին գրկած, նստած էին առաջին հարկում՝ երկաթե աթոռներին․․․ Իսկ թե պայթյուննների ձայներից ինչպես էին դղրդում պատուհանների ապակիները, չեք կարող պատկերացնել։ Տպավորություն էր, որ ուր որ է շենքը փլվելու է․․․ Առաջարկեցին նկուղ իջնել, բայց չուզեցինք, քանի որ ահավոր հակասանիտարական վիճկա էր այնտեղ․․․Վախենում էին բարձրացնեն սենյակներ՝ երկրորդ հարկ, քանի որ խիստ անհրաժեշտության դեպքում այդտեղից նկուղ իջնելը դժվար կլիներ։ Գիշերը մի պահ գլխավոր բժիշկն ասաց՝ «դվիժոկը» միացրեք, որ գոնե թեյ խմեն էս մայրերը, կերակրել է պետք երեխաներին։ Բարձրացանք երկրորդ հարկ թե չէ, միանգամից նորից վերսկսվեց ինտենսիվ ռմբակոծությունը։ Չհասցրեցինք անգամ նստել, նորից երեխաներին գրկած իջանք առաջին հարկ։ Պիտի փրկեինք երեխաներին, ու անկախ մեր վիճակից՝ պետք է արագացնեինք, հասցնեինք գոնե առաջին հարկ հասնել․․․»,-հիշում է Իրինան՝ վերապրելով այն սարսափը, որի միջով այդ մի քանի ժամվա ընթացքում ստիպված է եղել անցնել։

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, գրեթե բոլոր ծննդկաններն ու նորածինները տուն են ուղարկվել․․․ Վտանգավոր էր ծննդատանը մնալ, քանի որ ոչ ոք չէր կարող երաշխավորել նրանց անվտանգությունը․․․ Ադրբեջանցիների վերջին վայրագությունների մասին լուրերն արդեն հասել էին Ստեփանակերտ․․․ Իրինան նկատում է՝ սարսափ ֆիլմեր շատ եմ նայել, բայց այն ամեն, ինչ մենք այդ երկու օրը տեսել ու զգացել ենք, ոչ մի ֆիլմում չէի տեսել․ մեր ապրածը սարսափի սարսափն էր․

«Միակ հույսս Աստված էր ու փառք եմ տալիս, որ ողջ ենք։ Ամսի 25-ին՝ այդ վիճակում, դուրս եկանք Ստեփանակերտից։ Մտքերս չէի կարողնաում հավաքեմ, չէի հասկանում՝ ինչ եմ դնում ճամփրուկի մեջ, ինչն է առավել կարևոր, ինչը՝ պակաս․․․ Մի ուրիշ շոկ էլ քաղաքի վիճակն էր, որ դուրս եկանք՝ մեքենան նստելու, քարացել կանգնել էի․․․ Քաղաքս, որ միշտ կոկիկ, մաքուր էր լինում, երբեք այդ վիճակում չէի տեսել․․․ ամեն մուտքի մոտ մի փայտե վառարան, ամենուր այլայլված դեմքեր։

Փողոցերում թափված դատարկ սայլակներ, աղբի կույտեր․․․ Ապշել էի, չէի հավատում աչքերիս․․․ Ճանապարհին ուտելու բան էլ համարյա չկար։ Մի քանի կտոր հաց ունեինք, որ նախորդ օրը կիսուրս թավայի մեջ վառարանի վրա թխել էր ու մեկ էլ մի կտոր պանիր։ Ես համարյա ոչինչ չկերա այդ երկու օրը, որ ճանապարհին էինք։ Փոքր կտորներով տղաներիս էի տալիս․․․ Զարմանում եմ, թե ոնց էի կարողանում կերակրել փոքրիկիս։ Աստված էր օգնում․ այո, միայն իր շնորհիվ է, որ դիմացանք, ողջ մնացինք, որ չխելագարվեցինք»․․․

Այս խորագրի վերջին նյութերը