Կարծիք

16.10.2023 12:18


Իշխանության հանցավոր քաղաքականությունը զինծառայողների նկատմամբ

Իշխանության հանցավոր քաղաքականությունը զինծառայողների նկատմամբ

Տարիներ շարունակ՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը բարձրաձայնում է այն, որ պետական և լիազոր մարմինների ղեկավարության հովանու ներքո, առնվազն հանցավոր անփույթության հետևանքով զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց տարիներ շարունակ տրամադրվող ամենամյա արձակուրդի օրերի քանակը հաշվարկվել է օրենքի խախտմամբ, մասնավորապես՝ աշխատանքային օրերի փոխարեն, տրամադրվել է օրացույցային օրերով, ընդ որում «ուսադիր կրող» իրավապահ համակարգի ՀՀ դատախազությունում, ինչպես նաև քննչական ու հակակոռուպցիոն կոմիտեներում, որոնք ի պաշտոնե պարտավոր են ապահովել զինծառայողների իրավունքների օրինականությունը, ամենամյա արձակուրդները տրամադրվում են աշխատանքայնի օրերով:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանը դեռևս 2018 թ-ին ՀՀ ՄԻՊ-ի, իսկ 2021 թ-ին ՀՀ Հանրային խորհուրդի աջակցությամբ արձանագրել էր վերոնշյալ աշխատանքային իրավախախտումը, սակայն պետական և լիազոր մարմինների ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կոցկում էին այդ իրավախախտումը, որն ըստ այդմ իր մեջ պարունակում է առերևույթ հանցակազմի հատկանիշներ, պատճառաբանելով, որ այդ հարցի լուծումը միայն դատական ատյաններում է, ուղարկելով երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած զինծառայողներին ու նրանց հավասարեցված անձանց դատարանների դռները, զուգահեռ ծանրաբեռնելով դատական համակարգը, ավելացնելով հարկատուների բեռը, ինչպես նաև ընդիմադիր գործիչների պնդմամբ հրահրելով պատերազմը, ըստ էության նվազեցնելով շահառուների քանակը:

Ակնհայտ է, որ ՀՀ վարչական դատարանի դատավորները չեն հանդիսանում այլմոլորակային՝ ԲՈՒՀ-րի իրավագիտության ֆակուլտետների շրջանավարտներ, սակայն ի պատիվ վերջիններիս, ըստ Էդգար Մարատի Հովհաննիսյանի հայցի ընդդեմ՝ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, հանուն Հայաստանի Հանրապետության 03.10.2023 թ. թիվ ՎԴ/6076/05/22 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած, ըստ էության նախադեպային վճռով՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը պարտավորեցվել է տրամադրել վերջինիս դրամական հատուցում 8 օր՝ չտրամադրված արձակուրդի և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում հայցվորի համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար՝ 5.889,86 (հինգ հազար ութ հարյուր ութսունիննը դրամ ութսունվեց լումա) ՀՀ դրամ՝ փոխհատուցման գումարը, քանի որ վերջինս ծառայելով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում ընդամենը մեկ անգամ է օգտվել 30 օր տևողությամբ ամենամյա արձակուրդից:

Տարիներ անց, նաև դատարանն է արձանագրել, որ փաստացի ծառայության մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց ամենամյա արձակուրդի օրերի տևողությունը պետք է հաշվարկվեն ըստ գործող օրենքի աշխատանքային օրերով, իսկ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած անձանց պետք է տրամադրվի դրամական փոխհատուցում տրամադրված ամենանյա արձակուրդային օրերի սխալ հաշվարկի դիմաց։

Վերոնշյալը փաստում է, որ Հայաստանի իրավապահ համակարգը` կառավարության շահերը սպասարկող կառույցներն են, իսկ պետական և լիազոր մարմինների ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կամ անգրագետ են ու չեն տիրապետում իրենց գործառույթները կարգավորող իրավական ակտերին, կամ էլ ուղղակի էժանագին հանցագործներ են, որոնք մտնելով զինծառայողների ջեբը, ուտելով վերջիններիս հացը, նախընտրում են հանցավոր համաձայնության գալով կոցկել վերոնշյալ աշխատանքային իրավախախտումը, ապահովելով սեփական բարեկեցությունը ստանալով ահռելի պարգևավճարներ:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը իր երախտագիտությունն է հայտնում «ԼԵՎ ԳՐՈԻՊ» փաստաբանական գրասենյակին, ինչպես նաև անկախ լրատվամիջոցներին զինծառայոների և նրանց հավասարեցված անձանց ոտնահարված սոցիալական իրավունքների վերակագնման հարցում աջակցելու համար։

Հ.Գ. Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը