Քաղաքական

17.10.2023 12:11


ՄԱԿ առաքելությունը, Կարմիր Խաչը և Փաշինյանը հաստատել են՝ Ադրբեջանը չի ոտնահարել հայ բնակչության իրավունքները․ Բայրամով

ՄԱԿ առաքելությունը, Կարմիր Խաչը և Փաշինյանը հաստատել են՝ Ադրբեջանը չի ոտնահարել հայ բնակչության իրավունքները․ Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իր գերմանացի պաշտոնակցի՝ Աննալենա Բերբոքի հետ, որի ընթացքում քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի» (չակերտները՝ Tert.am-ի) հեռանկարները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Զրույցի ընթացքում Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը «երբեք չի ոտնահարել հայ բնակչության իրավունքները, ինչը հաստատվել է ոչ միայն տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի առաքելության, այլև Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության և անգամ Նիկոլ Փաշինյանի կողմից» (չակերտները՝ Tert.am-ի)։

Ադրբեջանի ԱԳ նախարարն «շարունակական անհիմն զրպարտչական արշավ» (չակերտները՝ Tert.am-ի) է որակել Արցախի բնակչությանն էթնիկ զտման ենթարկելու գնահատականները՝ հավելելով, որ դրանք «Հայաստանի և որոշ երկրների քաղաքական մանիպուլյացիաների բաղկացուցիչ մասն են կազմում» (չակերտները՝ Tert.am-ի)։

Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է նաև, որ այժմ, երբ Ադրբեջանը «վերականգնել է իր ինքնիշխանությունը, իրական հնարավորություններ են ստեղծվել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, և Հայաստանը պետք է գնահատի այդ հնարավորությունները» (չակերտները՝ Tert.am-ի)։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը