Աշխարհ

17.10.2023 12:22


Իրանը հայտարարել է «առաջիկա ժամերին կանխարգելիչ գործողությունների» մասին՝ Իսրայելի կողմից Գազայի գնդակոծությունների պատճառով

Իրանը հայտարարել է «առաջիկա ժամերին կանխարգելիչ գործողությունների» մասին՝ Իսրայելի կողմից Գազայի գնդակոծությունների պատճառով

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն անհետևանք չեն մնա, և նախազգուշացրել է առաջիկա ժամերին հնարավոր կանխարգելիչ գործողությունների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ։

Ամիր Աբդոլլահիանը խոսել է վերջին մի քանի օրերին Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում ունեցած իր հանդիպումների, այդ թվում՝ Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիական կազմակերպության գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի հետ հանդիպման մասին։

«Հեզբոլլահը դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները և սցենարները։ Ամեն ինչ հստակ դիտարկված է նրանց հաշվարկներում։ Դիմադրության առաջնորդները թույլ չեն տա սիոնիստական ​​ռեժիմին (խմբ․՝ Իսրայելին) որևէ գործողություն ձեռնարկել տարածաշրջանում։ Առաջիկա ժամերին հնարավոր են կանխարգելիչ գործողություններ»,-մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը։

Ամիր Աբդոլլահիանը հավելել է, որ «ցանկացած գործողություն հնարավոր է, եթե սիոնիստական ռեժիմը շարունակի իր պատերազմական հանցագործությունները քաղաքացիական անձանց դեմ»։

Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Թեհրանը չի աջակցում հակամարտության ընդլայնմանը, սակայն հնարավոր է, որ Իրանը պատերազմի մեջ մտնի, քանի որ ոչ մի կողմ չի կարող անտարբեր մնալ շարունակվող իրավիճակի առնչությամբ։

«Եթե մենք այսօր չպաշտպանենք Գազան, վաղը պետք է պաշտպանենք մեր քաղաքները։ Պարոն Նասրալլահը նաև ասել է, որ եթե իրենք կանխարգելիչ գործողություններ չձեռնարկեն, ապա ստիպված կլինեն սիոնիստական ուժերի դեմ կռվել Բեյրութում»,-հավելել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։

Միևնույն ժամանակ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ ժամանակը սպառվում է, և ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը պետք է հնարավորինս շուտ լուծում գտնեն։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։ Երկու կողմերում զոհերի թիվը գերազանցել է 4200-ը, վիրավորների թիվը գրեթե 11 000 է։

Այս խորագրի վերջին նյութերը