Քաղաքական

17.10.2023 13:10


Աշխարհը տեսնելու հնարավորություն՝ ՔՊ-ականների համար. ինչով են զբաղված պատգամավորները. «Ժողովուրդ»

Աշխարհը տեսնելու հնարավորություն՝ ՔՊ-ականների համար. ինչով են զբաղված պատգամավորները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին հոկտեմբերի 11-13-ը գործուղել է Բեռլին՝ Դրեզդեն։

Բեռլին գործուղվել են Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, Ազգային ժողովի պատգամավորներ ԱրուսյակՄանավազյանը, Նարեկ Գրիգորյանը, Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի փորձագետ Հայկազ Նասիրբաբյանը (հոկտեմբերի 10-14-ը), ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի առաջատար մասնագետ Ժաննա Հարությունյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ գործուղված պատգամավորների շարքում ընդդիմադիր պատգամավորներ չկան։ Այսինքն՝ ՀՀ Ազգային ժողովը դարձել է իշխող ՔՊ-ականների համար զբոսանքի, աշխարհ տեսնելու հնարավորություն: Պատգամավորներ կան, որ իրենց կյանքում առաջին անգամ ինքնաթիռ են նստել, երբ պատգամավոր են դարձել:

Օրինակ՝ Բեռլին մեկնած նորատուսցի Նարեկ Գրիգորյանը, որն Ազգային ժողովի ամբիոնից մեկ նախադասություն անգամ չի կարողանում ճիշտ կազմել մայրենի լեզվով, անհասկանալի է, թե ինչով է զբաղված Գերմանիայի Դաշնությունում:

Հիշեցնենք, որ նույն Նարեկ Գրիգորյանի մասին է խոսքը, որն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե մասնակցել է 44-օրյա պատերազմին, եղել է «Գեղարքունիք» ջոկատի հրամանատարը։ Այդ տեղեկությունը, սակայն, հերքել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հայտնելով, որ Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել, առանձին որևէ մարտական առաջադրանք չի կատարել, ջոկատի անձնակազմից զոհեր և վիրավորներ չեն եղել: Նկատենք, որ ՔՊ-ականները ուրախ ճամփորդում են մի իրավիճակում, երբ կորցրել ենք մեր հայրենի Արցախի Հանրապետությունը, հազարավոր արցախցիներ ունեն աջակցության կարիք, և անհրաժեշտություն կա միջազգային հանդիպումների միջոցով ստեղծել արտաքին հարաբերություններ, որոնք կկարողանան հետագայում մեզ օգնել:

Այս օրակարգը սպասարկելու փոխարեն՝ Նարեկ Գրիգորյանը, Արուսյակ Մանավազյանն ու իրենց հանձնաժողովի նախագահը, առանց խորհրդարանական ընդդիմադիրների, շրջագայություններ են կազմակերպել: Ավելին՝ Նարեկ Գրիգորյանն իր նորատուսցի հետևորդներին ակտիվորեն ցույց է տալիս Գերմանիայի մաքրամաքուր քաղաքներից կադրեր:

Հիշեցնենք նաև, որ Նարեկ Գրիգորյանը ՔՊ-ական այն պատգամավորն է, որն ուշացել էր Հռոմի ստատուտը վավերացնելու մասին քվեարկությունից և երկար ժամանակ արդարանում էր դահլիճում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի մոտ»:

Այս խորագրի վերջին նյութերը