Կարծիք

18.10.2023 09:31


Փաշինյանը չի՞ ասում՝ Հայաստանում որտեղ են ապրելու ադրբեջանցիները. «Կարճ ասած» (տեսանյութ)

Փաշինյանը չի՞ ասում՝ Հայաստանում որտեղ են ապրելու ադրբեջանցիները. «Կարճ ասած» (տեսանյութ)

Օգոստոս ամսին եղա Գեղարքունիքի մի քանի գյուղերում։ Ասեմ, որ հատկապես Վարդենիսի համայնքներում լավ հասկանում են ծանր իրադրությունը, որ իրենց է սպասում։ Մարդիկ ունեն հեռուստացույց, ինտեռնետ ու բոլորիս պես հավասար հետևում են գործընթացներին, ծանոթ են խոսակցություններին, որ Փաշինյան-Ալիև բանակցությունների կարևոր կետերից մեկը այսպես կոչված փախստականների վերադարձն է։ Կարդացել են Ալիևի ելույթը, որ խաղաղության պայմանագրի կնքումից ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո պետք է այսպես ասած՝ իրենց փախստականները վերադառնան։ Ալիևն անգամ տալիս էր այն համայնքների ադրբեջանական անուները, որտեղ պետք է նրանք գան ապրելու։ Միայն Վարդենիսում գյուղերի թիվը, որոնցում ադրբեջանցիներ են ապրել սովետի ժամանակ, հասնում է 30-ի։ Ավելի կոնկրետ՝ 28 գյուղ։ Անհանգիստ են մարդիկ, և տեղին է անհանգստությունը, որովհետև Նիկոլի օրոք իրականություն են դառնում միայն սարսափ երազները։ Այդ գյուղերի բնակիչները հույս ունեին, որ Փաշինյանը հուլիս ամսին Վարդենիս այցի ժամանակ իրենց կհանդիպի, պարզաբանումներ կտա․ բայց ոչ, այդ մարդը մասնակցեց միայն շոուների։ Միայն իրենք չէ, որ ուզում էին հանդիպել․ ոստիկանությունը, օրինակ, աշխատանք տարավ անհետ կորածների հարազատների հետ, որ հանկարծ այդ օրը Մարտունի-Վարդենիս մայրուղին չփակեն, ինչպես որ պատրաստվում էին անել։ Նիկոլը մասնակցեց զինվորի տունդարձի բեմականացմանը, ինչ-որ գյուղի սկզբնամասում դհոլ-զուռնայով ակցիային, որի ժամանակ երեխաները մի լավ պարեցին թանկ հեռախոսներ նվեր ստանալու կապակցությամբ, բայց գյուղեր, որտեղ իրեն սպասում էին, չգնաց։ Ինչո՞ւ, օրինակ, չհանդիպեց էն գյուղացիներին, որոնց տները Փաշինյան-Ալիև պլանի տակ են։ Գնար ի՞նչ ասեր, ասեր ապագա կա՞։ Ո՞րտեղ։

Վարդենիսում եմ եղել, վարդենիսցիներին օրինակ բերեցի, բայց գիտեք, չէ՞, որ պրոբլեմը ամբողջ երկրում է՝ Երևանից սկսած, Արարատի մարզ, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլն։ Հայաստանում կա շուրջ 900 գյուղ, վերաբնակեցման խոսք է գնում 300-ից ավելի գյուղի մասին։

Վերջերս Ադրբեջանի միլի Մեջլիսում լսումներ էին «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով։ Էս պահին Ադրբեջանում գործում են կենտրոններ, ցանկով հավաքագրում են մարդկանց, որոնք իբր ուզում են գալ Հայաստանում ապրել։ Իրենք որ գան, հո արցախցիների նման Արտաշատի մարզադպրոցի զալում չե՞ն քնելու։ Ադրբեջանը կարող է մի քանի միլիարդ դոլար ծախսել ու Երևանում Նիկոլի սարքած հիսունքանի հազար բնակարանները գնել իր քաղաքացիների համար։ Բայց չեմ կարծում, նա այլ բան կանի, ասեմ միանգամից՝ նրանց աչքը ձեր տների վրա է։

Ամենայն լրջությամբ դիմում եմ ժողովրդին․ բոլոր նրանք, կլինի Երևանի Սարի թաղում, կլինի Կիրովականի, Ստեփանավանի գյուղ-քաղաքներում, թե Վարդենիսում, եթե բնակարանի սեփականության վկայական չունեք, ականջի հետև մի գցեք, գնացեք ու հանեք, որովհետև վաղը կարող են թուրքերը գալ Նիկոլի GPS-ով կանգնել հենց ձեր տների վրա, ասեն՝ ստեղ նախկինում ադրբեջանցիներ են ապրել, իրենց տունը Քոչարյանը, Վազգենը խլել են, տվել են ձեզ։ Ի՞նչ է, Նիկոլն ու ՔՊ-ն չեն հաստատելու՞, կհաստատեն, այն էլ ոնց, Ալիևից բեթար կհամոզեն, որ դա ձերը չէ, այլ ինչ-որ ադրբեջանցու։ Ճիշտ այնպես, ինչպես արեցին մի ամբողջ Արցախ անկախ պետության հետ, ձեր տները ի՞նչ է, որ չանեն։ Բայց վստահ չեմ, որ ձեզ հիմա վկայականը կփրկի․ օրինակ՝ 100 հազար մարդ էլ Արցախում տան սեփականության վկայական ուներ։ Չհերքված տեղեկություններ կան էն մասին, որ 44-օրյա պատերազմը կանգնեցնելու երկրորդ անհաջող փորձի ժամանակ, արդեն, պահանջ է եղել, որ ադրբեջանցիներ ապրեն Շուշիում, հայերի հետ․ Նիկոլը դեմ է եղել, թե՝ Շուշիում որ ապրեն, իրենցով կանեն, մոտավորապես այդպես․ բա եթե Երևանին համաձայն ես, որ գան ապրեն, իրենցով չե՞ն անելու։ Ժողովուրդ ջան, սա շատ արագ է լինելու, սա էնպես չէ, որ լինելու է 100 տարի հետո, մեր թոռներն են տեսնելու․ սա տեսնելու ենք մենք, շատ շուտով։ Էն որ Արցախի հարցը չթողեց սերունդներին, հետագային, ինքը լուծեց իր ձևով կամ իրեն պարտադրած տարբերակով, էդպես էլ լուծելու է Հայաստանի հարցը։

Ժողովուրդ ջան, ահազանգ եմ հնչեցնում, թե ինչ է գալու մեր գլխին սրանց իշխանության երկարացման պարագայում։ Մեզ մոտ սովորություն է դառնում նախազգուշացումներին շան տեղ չդնելը, բանը կատարվի կամ մի թեթև պայքարենք, մի քիչ դեմ խոսենք ու հաշտվենք իրողության հետ։ Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելը, հավատացեք, հենց Հայաստանի կապիտուլյացիայի հարց է։ Մարդիկ կան, որոնց երբ բացատրում ես, միանգամից աքլորանում են՝ չենք թողնի։ Ո՞նց չես թողնի․ եթե քո վարչապետը Նիկոլն ա․ համ կթողնես, համ էլ, հնարավոր է, տանդ կեսը իրենց կտաս, հակաճառելու դեպքում՝ ամբողջը, հետն էլ կգնաս-կնստես, ոնցոր հիմա արցախցիներն են, նստած, մի մասը ստեղ՝ Երևանում, մյուսները՝ Բաքվում։ Եթե ձեզանից որևէ մեկը մտածի, թե սա անհնար է, հիշեք, թե քանի հատ անհնար թվացող բան է Նիկոլի օրոք իրականություն դարձել։ Մենք չէինք հավատում նաև, որ երբևէ հնարավոր է Արցախում հայ չապրի։ Արցախում, որ հազարավոր տարիներ հայ է ապրել, էսօր է, որ էլ չի ապրում, Նիկոլի օրով։ Էլի ասեմ, մինչ իրեն՝ հազար տարով այդտեղ հայեր են ապրել, իր օրոք այդ հողը հանձնվեց թուրքին, այդքան բան։ Ասել եմ ու ասում եմ՝ Արցախը մոնղոլական ու սելջուկ թուրքերի արշավանքներին անգամ դիմացավ, Նիկոլի ընդամենը 5 տարվա իշխանությանը չդիմացավ։

Կգան ու դուխով կգան, 2018 թվականի ձեր ունեցած դուխով, էն որ աշխարհը ձերն էր․ գիտե՞ք ինչի դուխով կգան, որովհետև Նիկոլի պարագայում Ալիևը էնտեղից էստեղ իր քաղաքացիներին կարողանա պաշտպանել, ինքը սադրանքների կդիմի ու հետո կասեն՝ հայերը ճնշում են ադրբեջանցիներին, պետք է ադրբեջնական զորք ու ոստիկան՝ նրանց պաշտպանելու համար։ Ասում են հայերն էլ կարող են գնալ Ադրբեջանում ապրել․ լո՞ւրջ, ձեզանից ո՞ր մեկը կգնա։ Կրկնում եմ, պատրաստվեք ադրբեջանցի հարևան ունենալուն, կամ ավլեք-մաքրեք ձեր տները, որովհետև Նիոլ Փաշինյանը շուտով դրանք կարող է բնակեցնել ադրբեջանցիներով։ Արդեն նախապատրաստվել են, մեծ դպրոցներ են սարքել, դե տներն էլ կա, ձեր տները, ժողովուրդ։

Մեր երկիրը, որ չունի արտաքին անվտանգություն, լրիվ հավասարեցվել է հողին, նաև ներքին անվտանգություն չի ունենալու, չնայած հիմա էլ մի բանի նման չէ։ Էն, որ էսօր փողոցներում ամեն օր սպանություններ են, պատկերացրեք՝ վաղը ինչ է լինելու, երբ մեզ մոտ գան ապրելու մեր թշնամի երկրի քաղաքացիները։ Ընդ որում, նրանք կենվորի հոգեբանությամբ չեն գալիս, այլ տիրոջ․ նրանք չեն գալիս Երևանում ապրելու, այլ՝ մեր մայրաքաղաքը իրենց համար արևմտյան Ադրբեջան սարքելու հանձնարարությամբ։ Նրանք բազմանալու են, նրանք տարածվելու են ու ուղղակի կլանեն կամ ներսից քանդեն մեր երկիրը։

Գիտե՞ք ոնց են կլանելու․ դա էլ ասեմ․ սրանց թազա օրենքներով, մեր երկրում մեկ տարի ապրած արտասահմանցին իրավունք ունի մասնակցելու ընտրության։ Նույն իրավունքով, վաղը հարյուր հազարավոր ադրբեջանցիներ Հայաստանում կունենան ընտրության իրավունք։ Էսօր մի ադրբեջանցի եկավ Հայաստանում գրանցվեց, քաղաքացիություն ստացավ, 5 տարի հետո ունենալու է անգամ թեկնածություն առաջադրելու իրավունք․ հասկանում ե՞ս ժողովուրդ ինչ է կատարվելու։ Ադրբեջանցիները Հայաստանում դեպուտատ կունենան, կգա կնստի Խաչատուր Սուքիասյանի ու Գուրգեն Արսենյանի կողքը կամ Մարիա Կարապետյանի կողքը, իրար հետ Նովրուզ կնշեն հենց ԱԺ-ում։ Հենց էսօր Եվրախորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը խոսում էր զիջումների մասին․ քանի անգամ ասաց՝ պատրաստ ենք անել։ Էս մարդը մոտավորապես ասում է՝ պատրաստ է անել ինչ ասեն, մենակ թե նշեն, որ Հայաստանում ինչ-որ մի տեղ, մի անկյունում ժողովրդավարություն կա։ Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը խայտառակություն կարելի է բնորոշել, բայց դրան հաջորդիվ կանդրադառնամ։

Կարճ ասած՝ Ես չգիտեմ, էլ ինչ պետք է նկարագրեմ, պատմեմ, որ էդ ամենը ընկալում ստանա։ Հիմա գոնե հասկանալի է՞, որ սա շատ երկար, մանրակրկիտ գծված ծրագիր է։ Էս ծրագիրը 1999 թվականին չկարողացան իրագործել, 2008-ին չկարողակցան իրագործել, ավելի մանրակրիտ աշխատեցին, ավելի շատ ուժեր ու փող խառնեցին, 2018-ին ավելի կատարելագործված իրականացրեցին։ Հայաստանը, ժողովուրդ ջան, մեր ձեռքից գնում է, մենք ինչի՞ց ենք խոսում։ Հայաստանի այսօրվա իշխանությունը մի քանի անգամ արդեն ակնարկել է պետականությունը կորցնելու մասին։ Նախապատրաստել է։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը