Քաղաքական

18.10.2023 10:47


Հադրութցի երիտասարդին կալանավորել են, քանի որ նա մշտական բնակության հասցե չի ունեցել․ «Հրապարակ»

Հադրութցի երիտասարդին կալանավորել են, քանի որ նա մշտական բնակության հասցե չի ունեցել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Սեպտեմբերի 19-ին մեկնարկած ցույցերի հետեւանքով ձերբակալված անձանց զգալի մասն այս պահին շարունակում է մնալ կալանավորված։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, ով այդ օրերին համակարգում էր բերման ենթարկված ու ձերբակալված անձանց փաստաբանական աջակցություն տրամադրելու գործընթացը, մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին կալանավորված անձանց թիվը հասնում է մոտավորապես 43-44-ի։ Փաստաբանին հարցրինք՝ արդյոք նրանց մեղսագրվող արարքներն այնպիսի՞ն են, որոնց պարագայում օբյեկտիվ անհրաժեշտություն կա նրանց կալանավայրում պահելու՝ նկատի ունենալով նաեւ, որ նրանց զգալի մասը 18-25 տարեկան ուսանողներ են, որոնք հետ են մնում դասապրոցեսից, մինչդեռ այժմ ակադեմիական ստուգարքների ժամանակաշրջան է։

«Իրականում ես կարող եմ մի գործի օրինակով ասել, ենթադրում եմ, որ մյուսների մեղադրանքն էլ նույն տեքստով է գնում, կարող եմ ասել, որ մեղադրանքն էլ է սխալ, այնտեղ զանգվածային անկարգություն չի եղել, եւ բացի այդ էլ` այդ երիտասարդների կալանավորման հիմքերն են ակնհայտ ուռճացված։ Եթե նույնիսկ ինչ-որ մեկն ինչ-որ բան արել է, ասենք՝ ոստիկանի է հարվածել եւ այլն, ապա այդտեղ քննությունից խուսափելու կամ խոչընդոտելու հիմքերը մի քիչ անհասկանալի են, այսինքն՝ ինչպե՞ս կարող է 17 կամ 18 տարեկան երիտասարդը խոչընդոտի, որ ոստիկանը գնա ցուցմունք տա։ Այնտեղ որոշակի այլ բաներ էլ կային․ իմ վստահորդն արցախցի էր, եւ իր նկատմամբ կալանք կիրառելու հիմք էին ներկայացնում այն, որ նա, Հադրութից տեղահանված լինելով, 3 տարի ապրում է ինչ-որ հանրակացարանային պայմաններում, ուրեմն մշտական հասցե չունի եւ կարող է խուսափել քննությունից։ Այսպիսի պնդումը բարոյական տիրույթից չէ եւ նաեւ իրավաբանորեն էլ դա հիմք չէ»,-պատասխանեց փաստաբանը։

Խուդոյանին հարցրինք՝ այդ անձանց կալանքի տակ պահելու մեջ քաղաքական մոտիվացիա կամ հետագայում մարդկանց փողոց դուրս գալուց հետո մեկուսարանում պահելու շարժառիթ տեսնո՞ւմ է։ «Երբ մենք ելնում ենք այն հանգամանքից, որ մեղադրանքներում ձեւակերպված է, որ եղել են կազմակերպված զանգվածային անկարգություններ, բայց մի հոգու անուն նշված չէ, թե ով է կազմակերպել այդ անկարգությունները, ապա դա հիմք է տալիս ենթադրելու, որ ի սկզբանե փորձել են շարադրել այն կտրվածքով, որ ցույցերի շարունակության պարագայում կարող է եւ ինչ-որ անձանց բերեին եւ կապեին, բայց քանի որ հանգամանքների բերումով ցույցերը դադարեցին կամ ընդմիջվեցին․․․։ Իրականում շատ մտահոգիչ էր դատարանների վերաբերմունքը․ տարբեր տեղերից կիսատ-պռատ խոսակցություններ էին գալիս, որ ցուցում կամ ընդհանուր ընկալում կա, որ անհրաժեշտ է անձանց կալանավորել, որպեսզի կանխեն ինչ-որ գործողություններ կամ փողոցային ակտիվություններ, բայց շատ կարեւոր է ֆիքսել, որ դատարանն այդպիսի ֆունկցիա չունի, նա արդարադատություն պետք է իրականացնի եւ կոնկրետ դեպքով պիտի նայի՝ անձին կալանավորելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։ Իրավախախտումների կանխումը կամ նախականխումը դատարանների ֆունկցիան չէ, դրանով Ազգային անվտանգության ծառայությունը կամ ոստիկանությունը պետք է զբաղվի»,-պատասխանեց Խուդոյանը։

Բազմաթիվ են դեպքերը, երբ անձանց նախնական կալանք տալով դատարանները չեն սահմանափակվում եւ նախաքննության մարմնի հետ համագործակցելով՝ կալանքը ձգվում է տարիներ, մինչդեռ վերջնական դատավճիռ չկա։ Խուդոյանին հարցրինք՝ քննչական մարմիններն ու դատարաններն ինչպիսի՞ տրամադրվածություն ունեն, ըստ իրեն՝ հնարավո՞ր է, որ այս անձանցից ոմանց կալանքներն էլ այդպես ամիսներով ու տարիներով երկարաձգեն։

«Նախ պետք է հասկանալ, թե ինչ է լինելու առաջիկայում, օրինակ՝ իմ վստահորդի կալանքը փոխարինեցին տնային կալանքով, բայց դա հարցը չի լուծում, որովհետեւ նա չի կարող տնից դուրս գալ, դասի գնալ։ Բացառությամբ մի քանի գործերի, որոնց գուցե տեղյակ չլինեմ, բայց մյուս փաստաբանների հետ զրուցելիս, ինչքան օրենքը թույլ է տալիս տեղյակ լինել ինֆորմացիային, բոլորի պնդումները միանշանակ նույնն են, որ մեղադրանքը սխալ է ներկայացվել, իսկ կալանավորման հիմքեր ընդհանրապես առկա չեն եղել»։

Այս խորագրի վերջին նյութերը