Աշխարհ

27.10.2011 11:37


Արձագանքելով Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը

Արձագանքելով Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միջնորդելու մասին Վրաստանի ԱԳՆ Գրիգոլ Վաշաձի հոկտեմբերի 26-ի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Վրաստանի կցկտուր քաղաքական քայլ` պայմանավորված տարածաշրջանային ընդհանուր համատեքստից կտրվելու վախով:

Այդ վախի ձևավորման համար էական դեր է խաղացել անցյալ շաբաթ Սանկտ Պետերբուրգում ստորագրված ԱՊՀ անդամ-երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը, որն իր իրական ներուժի բացահայտման և գործադրման դեպքում Վրաստանին կարող է կտրել տարածաշրջանային համագործակցության հեռանկարից:

Կան 2 ակնհայտ պատճառներ, որոնք մեծ հարցականի տակ են դնում Վրաստանի միջնորդությունը: Իրավականորեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է իրականացնում միջնորդական այդ գործառույթը: Երկրորդ, բոլոր երկրներում, այդ թվում Թբիլիսիում, հասկանում են, որ Վրաստանն այն քաղաքական պոտենցիալը չունի, որպեսզի միջնորդ դառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Բացի այդ, Վրաստանը չի կարողանում կարգավորել սեփական արտաքին քաղաքականության հիմնախնդիրները` Ռուսաստանի, Աբխազիայի, Հարավային Օսսեթիայի հետ հարաբերությունները:

Ուստի, ըմբռնելով Վաշաձեի տվյալ հայտարարության տեղի և ժամանակի գործոնների վերլուծության անհրաժեշտությունը, եզրակացնում ենք, որ Վրաստանը փորձում է «խաղալ» Ռուսաստանի «նյարդերի» հետ այն երկրում, որը դեռևս չի միացել ռուսական ազատ գոտու նախաձեռնությանը: Վրաստանն այսօրինակ քայլով փորձում է միայն ազատ քաղաքական տարածք բացել իր արտաքին քաղաքականության համար, որը կարևոր պայման է պետության հաջորդիվ քայլերի որոշման համար: Արդյունքում, սակայն, այն Վրաստանին դնում է կցկտուր և ցայտնոտանման կերպարի մեջ:

Եզրակացնելով. Թբիլիսիին Երևանի պատասխանը պետք է լինի. «Շնորհակալություն, բայց ոչ, շնորհակալություն»:

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Հանրային կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը