Լրահոս

20.10.2023 08:15


Ֆուտբոլային խայտառակ հաշիվները՝ թվերով, ու ՀՖՖ ընտրությունները. «Ժողովուրդ»

Ֆուտբոլային խայտառակ հաշիվները՝ թվերով, ու ՀՖՖ ընտրությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական ֆուտբոլի խայտառակ ցուցանիշների թիվ մեկ պատասխանատուն ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու իր թիմն են: Տարիներ շարունակ մամուլը գրել է, 15 մլն դոլարից ավելի շրջանառություն ունեցող այս հիմնարկում կատարվում են տարօրինակ իրադարձություններ, ու տպավորություն է, որ բացարձակ երկրորդական տեղում է ֆուտբոլը, եւ առաջ է մղվել կոմերցիան ու բիզնեսը:

Շրջանառվել ու շրջանառվում են լուրեր, որ ՀՖՖ շինարարությունների հետ կապ ունեն ՔՊ բարձրաստիճան ներկայացուցիչներ Հակոբ Սիմիդյանը, Ռուբեն Ռուբինյանը: Մամուլը գրեց, թե այս տարիների ընթացքում ինչքան են հարստացել ՀՖՖ ղեկավարները (կառուցել են տներ, գնել են թանկարժեք մեքենաներ եւ այլն): Իրավիճակի աբսուրդն այն է, որ ֆուտբոլը սրբություն համարող ֆուտբոլասերները, 2050թ.-ին ֆուտբոլի ազգային հավաքականի համար մրցանակային տեղ խոստացած Նիկոլ Փաշինյանն ու այլ «օբյեկտիվ հայրենասերներ» թքած ունեն, թե ինչ է կատարվում. նրանք հարցեր չեն տալիս այս ամենի թիվ մեկ մեղավորին:

Ավելին՝ իշխանությունն արդեն իսկ գծել է, թե ինչպես պետք է այս տարվա դեկտեմբերին կազմակերպի Արմեն Մելիքբեկյանի վերընտրությունը: Տեղեկություններ են հասնում, որ ազգային հավաքականների խայտառակ արդյունքների ֆոնին՝ Արմենի՝ գոյություն չունեցող վարկանիշը բարձրացնելու համար նախատեսվում է հայտարարել Ազգային մարզադաշտ կառուցելու մասին, ավելին՝ տալ կոնկրետ տվյալներ, թե որտեղ է կառուցվելու ու ինչ տեսք է ունենալու այն:

Կարեւոր չէ, թե կլինի նոր մարզադաշտ, թե ոչ, կարեւորը հերթական անգամ հասարակությանը կներկայացվի գեղեցիկ, սակայն վիրտուալ մի բան, ինչպես դա արվել է նախկինում բազմիցս, իսկ մինչ այդ մեր հավաքականները կխայտառակվեն ամենուր: Հույս ունենալ, որ Մելիքբեկյանը կամովին կհրաժարվի այդ պաշտոնից, կընդունի, որ ձախողել է, ու ներողություն կխնդրի, ապարդյուն է:

Իսկ հիմա թվերով. Մելիքբեկյանի պաշտոնավարման մեկնարկից սկսած՝ 17 տարեկանների հավաքականը վերջին 12 խաղերից պարտվել է բոլոր 12-ը, ընդունել է 53 գոլ, խփել՝ 3-ը: 19 տարեկանների հավաքականում իրավիճակն ավելի վատ է. նախ՝ այստեղ հրավիրված են 7 ֆուտբոլիստներ դրսից, վերջին 12 խաղերում չեն ունեցել թոփ մրցակիցներ, պարտվել են 8 խաղ, հաղթել՝ 2-ը, եւ 2 խաղ ավարտել ոչ-ոքի, հանրագումարում բաց են թողել 34 գոլ, խփել՝ ընդամենը 9-ը: Ամենաողբերգական վիճակում 21 տարեկանների հավաքականն է. այս տղաները պետք է փոխարինեն ազգային թիմին ու համարվում են ռեզերվը, իսկ վիճակն այսպիսին է. 24 խաղից պարտվել են 21-ում, 1 խաղ ավարտել են ոչ-ոքի արդյունքով, իսկ տանը հաղթել են Լյուքսեմբուրգին ու Ֆարերյան կղզիների իրենց հասակակիցներին, սակայն նույն թիմերին մրցակցի հարկի տակ պարտվել են: 21 տարեկանների ազգային թիմը 24 խաղերում բաց է թողել 70 գոլ, խփել՝ 13-ը:

Այս տարի մեր երիտասարդական հավաքականը եվրոպական վարկանիշային աղյուսակում գավավիժել է ամենաստորին հորիզոնականներ, «Եվրո 2026»-ի վիճակահանությանը հայտնվել է նույն զամբյուղում Սան Մարինոյի, Ջիբլարթարի ու Անդորրայի հետ»։

Այս խորագրի վերջին նյութերը