Տնտեսական

22.10.2023 11:28


Շուրջ 2,6 մլրդ դոլար է դուրս եկել Հայաստանից

Շուրջ 2,6 մլրդ դոլար է դուրս եկել Հայաստանից

8 ամսում Հայաստանից ավելի քան 2 մլրդ 586 մլն դոլար է դուրս եկել։ Սրանք ֆիզիկական անձանց միջոցով զուտ բանկային համակարգով դուրս եկած գումարներն են, որոնք այս տարի կտրուկ ավելացել են. ութ ամսում ավելի քան 73 տոկոսով։

Գրեթե 1,1 միլիարդով ավելի շատ գումար է գնացել Հայաստանից, քան անցած տարի։

Անցած տարվա 8 ամսում դուրս էր եկել 1 մլրդ 489 մլն դոլար, այս տարի՝ 2 մլրդ 586 մլն դոլար։

Դուրս գնացած գումարների գերակշիռ մասը, իհարկե, զուտ առևտրային փոխանցումներն են։ Դրանք հիմնականում այն գումարներն են, որոնք ուղղված են եղել ներմուծում-վերարտահանումների ֆինանսավորմանը։

Թեև ոչ առևտրային նպատակով Հայաստանից գնացած գումարները ևս ավելացել են։

Դրանք կազմել են ավելի քան 287 մլն դոլար։ Նախորդ տարվանից գրեթե 23 մլն դոլարով շատ գումարներ են Հայաստանից հանել քաղաքացիները՝ անձնական շարժառիթներով։

Այս գումարները չեն ուղղվել առևտրի ֆինանսավորմանը, բայց ինչ-ինչ նպատակներով գնացել են երկրից։ Նման դեպքերում, ընդունված է ասել, դուրս են տարվել։

Ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային նպատակներով փոխանցված գումարների մեծ մասը գնացել են Ռուսաստան. 287 մլն դոլարից՝ գրեթե 111 մլն դոլարը։ Շուրջ 47 միլիոն տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։

Մյուս երկրներ տեղափոխված գումարները համեմատաբար ավելի փոքր են։

Ութ ամսում գրեթե 18 մլն դոլար գնացել է Վրաստան։ 10 մլն դոլարից ավելի մտել է Գերմանիա։ Ավելի քան 8,9 միլիոնի մուտք է եղել Մեծ Բրիտանիա, շուրջ 8,6 միլիոն՝ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ընդ որում, ԱՄԷ խոշոր արտահոսք է եղել հատկապես ապրիլին՝ ավելի քան 3,4 միլիոնի չափով։

Ֆիզիկական անձինք Հայաստանից բավական մեծ գումարներ են ուղարկել նաև Ուկրաինա։ Ութ ամսում այդ երկիր կատարված փոխանցումներն անցնում են 8,8 մլն դոլարից։

Այս բոլոր գումարները, որոնք երկրից դուրս են եկել, գնացել են ոչ թե առևտրային գործարքները ֆինանսավորելու, այլ բոլորովին այլ նպատակներով։ Դրանց մեջ, անշուշտ, կան, այսպես ասած, սոցիալական նշանակության փոխանցումներ, բայց միանշանակ է, որ հիմնական մասն այլ նպատակով է արվել։ Մի մասն ապահովության համար է հանել, մի մասը՝ սեփական կապիտալը տեղափոխելու, մյուս մասը՝ երկրից հեռանալու և այլ պատճառով։ Բոլոր դեպքերում դրանք գումարներ են, որոնք ֆիզիկական անձինք հանել են երկրից, բայց ոչ առևտրային գործարքները ֆինանսավորելու և ներմուծումներ կազմակերպելու համար։

Ի դեպ, ֆիզիկական անձանց միջոցով ոչ առևտրային փոխանցումների արտահոսքը Հայաստանից ավելացել է դրսից դրանց հոսքերի կրճատման պայմաններում։

Այս տարի անհամեմատ ավելի քիչ ոչ առևտրային ֆինանսական հոսքեր են եղել դեպի Հայաստան։ Եթե անցած տարվա առաջին ութ ամիսներին դրանք կազմել էին 1 մլրդ 275 մլն դոլար, այս տարի նույնիսկ 1 միլիարդի չեն հասել։

Ութ ամսում 932 մլն դոլարի կարգի ոչ առևտրային փոխանցում է կատարվել Հայաստան։

Խոսքն այն գումարների մասին է, որոնք սովորաբար ունենում են սոցիալական նշանակություն և Հայաստան են գալիս արտագնա աշխատանքի միջոցով կամ ուղղակի օգնությունների տեսքով։ Դրանք կրճատվել են՝ մասնավոր փոխանցումների ռեկորդային մուտքերի պայմաններում։

Քաղաքացիների ոչ առևտրային փոխանցումները վերջին ամիսներին անընդմեջ նվազում են։ Եթե մի պահ հասնում էին ամսական ընդհուպ 130 մլն դոլարի, հիմա 100-110 միլիոնի սահմաններում են։ Չնայած նախկինում սովորաբար հակառակն էր լինում՝ տարեվերջին դրանք անընդհատ ավելանում էին։

Ֆինանսական միջոցների ոչ առևտրային ներհոսքը կրճատվել է նույնիսկ այն պարագայում, երբ Հայաստանում բավական մեծ քանակությամբ Ռուսաստանից տեղափոխված քաղաքացիներ կան, ովքեր ևս տրանսֆերտային գումարներ են ստանում՝ այստեղ իրենց սոցիալական խնդիրները լուծելու համար։

Ֆիզիկական անձանց ոչ առևտրային փոխանցումները Հայաստան այս տարի կրճատվել են, իսկ Հայաստանից դրանց արտահոսքը մեծացել է։ Պատճառները կարող են բազմազան լինել, բայց դրանք, անշուշտ, կապված են առաջին հերթին անվտանգային այն խնդիրների հետ, որոնք առկա են Հայաստանում։ Քիչ չեն այն քաղաքացիները, ովքեր վաճառում են իրենց ունեցվածքը և հեռանում երկրից՝ հանելով նաև իրենց միջոցները։

Հայաստանից զուտ առևտրային նպատակներով դուրս գնացած գումարները կազմել են շուրջ 2,3 մլրդ դոլար։ Անցած տարի 1,2 միլիարդի կարգի էին։

Ո՞ւր են գնացել այս գումարները։

Կենտրոնական բանկի տվյալները վկայում են, որ առևտրային նպատակով դուրս եկած գումարներն ամենաշատը գնացել են Ռուսաստան։ Այսինքն՝ դրանք ուղղվել են Ռուսաստանից ներմուծումները ֆինանսավորելուն։ Հայտնի է, որ այդ երկրից մեծ քանակությամբ և տարբեր տեսակի ապրանքներ են ներկրվում Հայաստան։ Այդ ներկրումի մի մասն էլ ֆինանսավորել են ֆիզիկական անձինք։ Ութ ամսում նրանք Ռուսաստան են փոխանցել ավելի քան 460 մլն դոլար։

Եվս 320 մլն դոլար գնացել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ֆիզիկական անձանց փոխանցումների մեծությամբ այն երկրորդն է Ռուսաստանից հետո։ Նույնիսկ գերազանցել է Միացյալ Նահանգներին։ ԱՄԷ Հայաստանից ավելի շատ գումար է գնացել առևտրի ֆինանսավորման նպատակով, քան ԱՄՆ։

Միացյալ Նահանգներից ներմուծում իրականացնելու համար ֆիզիկական անձինք փոխանցել են 288 մլն դոլար։ Ինչպես հայտնի է, վերջին տարիներին այդ երկրից մարդիկ բերում են հիմնականում տրանսպորտային միջոցներ, որոնց մի մասն արտահանում են Ռուսաստան։

Քաղաքացիների կողմից ներմուծումների ֆինասավորման մեծությամբ չորրորդը Մեծ Բրիտանիան է։ Ութ ամսում այդ երկիր է ուղարկվել գրեթե 260 մլն դոլար։ Չափազանց խոշոր արտահոսք է տեղի ունեցել հատկապես փետրվարին։ Միայն այդ ամսին Մեծ Բրիտանիա է փոխանցվել գրեթե 170 մլն դոլար։

Սա ֆինանսական միջոցների տարօրինակ մեծ հոսք է մեկ ամսվա կտրվածքով։ Այդքան խոշոր գումարի շրջանակներում ի՞նչ են բերել Մեծ Բրիտանիայից, այն էլ՝ ֆիզիկական անձինք, հայտնի չէ։

Այս տարի բավական մեծ գումարներ են գնացել Հայաստանից Մոնակո։ Ութ ամսում՝ գրեթե 185 մլն դոլար։ Վրաստան փոխանցվել է 87 միլիոն, Գերմանիա՝ 86 միլիոն, Իսպանիա՝ 85 միլիոն, Չինաստան՝ 58 միլիոն, Լեհաստան՝ գրեթե 26 մլն դոլար։

Սրանք առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց կատարած փոխանցումներն են Հայաստանից։ 2,3 միլիարդ արտահոսքից գրեթե 2 միլիարդը գնացել է 10 երկիր։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը