Քաղաքական

23.10.2023 22:19


«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա 2024-ին՝ Թուրքիայում (տեսանյութ)

«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա 2024-ին՝ Թուրքիայում (տեսանյութ)

«3+3» ձևաչափով արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում 2024 թվականի առաջին կեսին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:

«Այդ ամենը կհամակարգեն մեր թուրք գործընկերները, որոնք կհյուրընկալեն նախարարների երկրորդ հանդիպումը, որը նախատեսված է հաջորդ տարվա մոտավորապես առաջին կիսամյակում»,-ասել է նա լրագրողներին:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, մեծ հաշվով, լուծված է, այժմ կողմերին մնում է միայն հետագա գործնական քայլեր ձեռնարկել հարաբերությունները լիովին կարգավորելու համար։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Հակամարտությունը, մեծ հաշվով, լուծված է։ Կողմերը համաձայնել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, իսկ դա հիմնական չլուծված խնդիրն էր։ Այժմ, իհարկե, մնում են գործնական քայլեր հարաբերությունների լիարժեք կարգավորման համար, առաջին հերթին՝ խաղաղության պայմանագիր նախապատրաստելու, սահմանների սահմանազատման և առանց խոչընդոտների տրանսպորտային տնտեսական կապեր հաստատելու ուղղությամբ»,-ասել է Լավրովը՝ շեշտելով, որ այդ ամենի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումների ընթացքում։

Լավրովի խոսքով՝ Բրյուսելն ու Վաշինգտոնը շարունակում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթաց ներթափանցելու փորձերը։ Նա ընդգծել է, որ վերջին մեկ տարում նման փորձեր են եղել, սակայն իրենք դեմ չեն որևէ շփման, որը հայկական ու ադրբեջանական կողմերն օգտակար կհամարեն։

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև առանձին համաձայնագիր կա, որը նվիրված է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցին։

«Նրանք՝ հայերն ու ադրբեջանցիները, պայմանավորվել են ստեղծել սահմանազատման հանձնաժողով, որի աշխատանքներին իրենց համաձայնությամբ ռուսական կողմը կմասնակցի որպես խորհրդատու։ Ցավոք, այդ հանձնաժողովը բավական երկար ժամանակ է չի հավաքվել»,-նշել է նա՝ հավելելով, որ Մոսկվան պատրաստ է գործնականում օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկին։

Այս խորագրի վերջին նյութերը