Տնտեսական

01.11.2023 14:02


Վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն կաճի 4,7 միլիարդ դրամով

Վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն կաճի 4,7 միլիարդ դրամով

Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն նախորդ տարվա համեմատ կաճի 4,7 միլիարդ դրամով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը՝ ներկայացնելով վարչապետի աշխատակազմի 2024 թվականի պետական բյուջեի ծախսերի նախագիծը։

«Նախագծով նախատեսված է 2024 թվականին ընդհանուր առմամբ իրականացնել 24 միլիարդ 572 միլիոն դրամի ծախսեր՝ 11 ծրագրերի և 57 միջոցառումների միջոցով։ Դրանք են՝ պետական հատվածի արդիականացման ծրագիր, աջակցություն հասարակական և այլ կազմակերպություններին, հանրային իրազեկում, քաղաքացիական ծառայողների վերապատրաստում, վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում, Հայաստան-սփյուռք գործակցության ծրագիր, տեսչական վերահսկողության ծրագիր, արդյունահանող ճյուղերի զարգացման ծրագիր, տոների և հիշատակի օրերի ծրագիր, զարգացման գործընթացներում սփյուռքի ներուժի ներգրավում, միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում»,-նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ հիմնական ավելացումները կապված են պետական արդիականացման ծրագրի իրականացման հետ։

«Կապիտալ ծախսեր ունենք շուրջ 3 միլիարդ դրամի, որը ընդհանուր պետական կառավարման համակարգում սարքավորումների ձեռքբերման և ծրագրային ապահովումների համար է։ Նախատեսված մեկ միջոցառում դուրս է եկել աշխատակազմի կատարման տիրույթից։ Դա վերաբերվում է պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում ներդրումների և ՓՄԿ ծրագրերի իրականացմանը՝ 1,8 միլիարդ դրամի չափով։ Այս միջոցառումը տեղափոխվում է Էկոնոմիկայի նախարարություն։

Հանրային հատվածի իրազեկման ծրագրով շուրջ 245 միլիոն դրամի ավելացում ունենք։ Սա որոշ մարմիններից տեղափոխված հանրային իրազեկման ծրագրեր են, որպեսզի այդ իրազեկումը իրականացվի ավելի կենտրոնացված ձևով և նախարարությունների հետ համագործակցությամբ»,-եզրափակեց Խաչատրյանը։

Այս խորագրի վերջին նյութերը