Աշխարհ

01.11.2023 13:57


Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հասնելու ուղիները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հասնելու ուղիները

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Հաքան Ֆիդանը քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հասնելու միջոցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

Ըստ գործակալության տվյալների` Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում նախարարներն անդրադարձել են երկկողմ մի շարք հարցերի, ինչպես նաև քննարկել են պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում վերջին իրադարձությունները և հրադադարի ռեժիմի հասնելու ուղիները։

Սա Աբդոլլահիանի և Ֆիդանի երկրորդ հանդիպումն է հոկտեմբերի 7-ին Մերձավոր Արևելքում էսկալացիայի հերթական փուլի մեկնարկից հետո։ Ավելի վաղ նախարարները հանդիպում են անցկացրել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստի շրջանակներում։

Ավելի վաղ Tasnim-ը հաղորդել էր, որ Աբդոլլահիանն Անկարայում հանդիպում կունենա նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Իրանի ԱԳՆ ղեկավարը Թուրքիա է ժամանել Կատարից, որտեղ բանակցություններ է վարել արաբական երկրի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի, էմիրության վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բին Աբդել Ռահման ալ Թանիի, Թաիլանդի արտաքին գործերի նախարար Փանփրի Փահիթհանուկոնի և պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը