Տնտեսական

02.11.2023 11:12


Նոր վարկ՝ 66 մլն եվրո․ կառավարությունը Հայաստանի պարտքը շարունակում է մեծացնել

Նոր վարկ՝ 66 մլն եվրո․ կառավարությունը Հայաստանի պարտքը շարունակում է մեծացնել

Կառավարությունը այսօրվա՝ նոյեմբերի 2-ի նիստում հավանություն է տալիս Ասիական զարգացման բանկի հետ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագրին՝ 66,100,000 եվրո արժողությամբ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ․

«Սեյսմիկ անվատանգության բարելավման ծրագիրն» իրականացվում է ՀՀ և ԱԶԲ միջև 2015թ․ հոկտեմբերի 19-ին կնքված վարկային համաձայնագրի հիման վրա: Ծրագիրը սկսվել է 2016թ․ և նախատեսված է մինչև 2026թ․ մայիսի 30-ը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88,5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը՝ 18,5 մլն դոլար: Ի տարբերություն այլ ծրագրերի, վերջինս հանդիսանում է արդյունքահեն, որը ենթադրում է, որ համապատասխան ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում են վարկային համաձայնագրով նախատեսված արդյունքների ապահովման պարագայում։

Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 20 000 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Նախատեսված է նաև ՀՀ սեյսմիկ շինարարական նորմերի վերանայում, սեյսմակայուն շինարարության ուղեցույցի մշակում, 1:500000 սեյսմիկ վտանգների քարտեզի մշակում, սեյսմիկ պաշտպանության ազգային դիտացանցի արդիականացում և 15 մասնագետների վերապատրաստում, շինարարության բնագավառում աշխատող 100 մասնագետի վերապատրաստում՝ սեյսմակայուն շինարարության բնագավառի վերաբերյալ և այլ գործառույթներ:

Ծրագրի շրջանակներում մինչ այժմ կառուցվել է 16 դպրոց։ Ներկայումս ընթանում են 19 դպրոցի շինարարական աշխատանքներ, ևս մեկ դպրոցի կառուցման նպատակով հայտարարված է մրցույթ։ 10 դպրոց գտնվում է նախագծային (ավարտական) աշխատնքերի իրականացման տարբեր փուլերում։

Համաձայն վարկային պայմանագրի՝ ծրագրի շրջանակներում ընդգրկված բոլոր դպրոցները պետք է անցնեն միջազգային փորձաքննություն և ստանան վկայական 9 բալ երկրաշարժի դիմացկունության առումով։ Այս համատեքստում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր փորձաքննություններից բացի միջազգային փորձաքննության է ենթարկվում յուրաքանչյուր դպրոցի նախագիծը։ Դպրոցի կառուցումը նույնպես իրականացվում է միջազգային փորձագետների հսկողության ներքո։ Կառուցման աշխատանքների իրականացման ավարտից հետո դպրոցները անցնում են միջազգային փորձաքննություն և ստանում 9 բալ երկրաշարժի դիմացկունության առումով համապատասխան վկայական։

Մինչ այժմ շահագործման հանձնած դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել ավելի քան 5900 աշակերտի համար։ Մշակվել են նաև տվյալ դպրոցների աղետների ռիսկի կառավարման և տարահանման պլանները։ Ծրագրի շրջանակներում մշակված և հաստատված են նաև ՀՀ սեյսմիկ շինարարական նորմերը, սեյսմակայուն շինարարության ուղեցույցը, 1:500000 սեյսմիկ վտանգների քարտեզը։

Մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունքում ծախսվել է ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների շուրջ 80%-ը։

Ստեղծված իրավիճակում ակնհայտ է, որ անհնար է դառնում մնացած ֆինանսական միջոցներով իրականացնելու ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները՝ պայմանավորված հետևյալ հիմնական գործոններով․

ա) ի սկզբանե վարկային պայմանագրով նախատեսված է եղել որոշակի թվով դպրոցների ամրացում և որոշակի թվով դպրոցների կառուցում։ Ամրացման դեպքում ենթադրվել է ֆինանսական միջոցների ավելի քիչ ծախս՝ կառուցման համեմատ։ Սակայն, ծրագրում ընդգրկված 46 դպրոցներից 45-ը համաձայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզավորված կազմակերպությունների կողմից տրված եզրակացության նպատակահարմար է համարվել կառուցել՝ ամրացման փոխարեն։ Որոշման կայացման համար հիմք է հանդիսացել ծրագրում ընդգրկված դպրոցների կոնստրուկտիվ լուծումները, տեխնիկական վատ վիճակները, ինչպես նաև գնահատվել է նորի կառուցման դեպքում մի շարք առավելությունների հնարավորությունները, որոնք անհնար է ապահովել ամրացման դեպքում։ Որպես նոր շենքի կառուցման առավելություն դիտարկվել է ճարտարապետական լուծումների ընտրության հնարավորությունների մեծացումը՝ ավելի գրավիչ կրթական պայմանների ստեղծման առումով, հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության ապահովումը, որը ոչ միշտ է հնարավոր ամրացման պարագայում և այլ գործոններ։

բ) ծրագրի վրա զգալիորեն բացասական ազդեցություն է ունեցել փոխարժեքի կուրսի տատանումը։ Խնդիրը պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, իսկ ծրագրի շրջանակներում բոլոր պայմանագրերը կնքվել են, կնքվում են և ապագայում կնքվելու են բացառապես ՀՀ դրամով։ Մասնավորապես` վարկային պայմանգրի մեկնարկի ժամանակ մեկ ԱՄՆ դոլարը կազմել է 489 ՀՀ դրամ:

գ) ծրագրի վրա էապես ազդել է նաև շինարարական նյութերի թանկացումը։ Մասնավորապես, եթե ծրագրի շրջանակներում մեկնարկած առաջին երեք դպրոցներում մեկ աշակերտի հաշվով ծախսը կազմում էր 2 053 000 դրամ, իսկ մեկ ք/մ-ի արժեքը 211 000 դրամ, ապա ներկայումս թանկացումներով պայմանավորված այդ գումարը կազմում է 4 482 000 դրամ մեկ աշակերտի հաշվով և 359 000 դրամ՝ մեկ ք/մ-ի հաշվով։

Հիմք ընդունելով վերոգրյալը` իրականացված վերլուծությունների արդյունքում ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվում է ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում՝ 66,100,000 եվրոյի չափով։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը