Քաղաքական

29.04.2009 16:58


Արմեն Ռուստամյան. «Այս պահին ՀԱԿ-ի հետ ունենք լուրջ տարաձայնություններ»

Արմեն Ռուստամյան. «Այս պահին ՀԱԿ-ի հետ ունենք լուրջ տարաձայնություններ»

Կոալիցիայից դուրս գալու, խորհրդարանում ընդդիմադիր դաշտում աշխատելու և այլ հարցերի շուրջ այսօր լրագրողներին պարզաբանումներ է տվել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

-Մեր հայտարարությունների տրամաբանությունը մատնանշում էր, որ մենք այդուամենայնիվ պետք է պահպանենք համագործակցության դաշտը, առաջին հերթին կապված հենց ազգային-պետական խնդիրների մասով։ Այդ համագործակցությունը պետք է օգտակար լինի երկրի համար։ Մեր ընդդիմադիր կեցվածքը մեկ նպատակի է միշտ ուղղված լինելու, որ դա ուժ տա մեր պետությանը, որպեսզի ավելի հեշտ դիմակայենք այն մարտահրավերներին, որոնք այսօր մեր երկրի առաջ կանգնած են։ Հայ-թուրքական այս հարաբերությունների ընթացքը դեռ հայտնի չէ, թե ուր կտանի, և այս պայմաններում Դաշնակցության ընդդիմադիր լինելը, ընդհակառակը, օգտակար կլինի, որպեսզի մենք ավելի արդյունավետ դիմակայենք հնարավոր մարտահրավերներին։

-Չե՞ք կարծում, որ հասարակությունը կհիասթափվի «կառուցողական ընդդիմություն» հասկացողությունից,-հարցին Ա. Ռուստամյանը պատասխանել է.

-Այստեղ կարևորը տերմինները չեն, կարևորը գործելաոճն է։ Չեմ կարծում, թե հասարակությունը կհիասթափվի այն բանից, երբ կտեսնի, որ ընդդիմությունն ու իշխանությունը երկրի համար օգտակար գործ են անում։ Կարծում եմ, որ հասարակությունն այլևս պետք է հոգներ այն վիճակից, որ եթե չենք հայհոյում, ուրեմն ընդդիմություն չենք։

Հարցին, որ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե ընդդիմություն դառնալու իրավունքը պետք է վաստակել, Արմեն Ռուստամյանը պատասխանել է.

-Խնդիրները, որ մենք դրել ենք հայտարարության մեջ, առաջնահերթ հարցերը, որ մենք նկատի ունենք, ընդդիմության մեջ լինելով լուծելու՝ ժամանակ են պահանջում։ Տեղը փոխվել է և դրան համապատասխան դերակատարություն պետք է ստանձնես, բայց հենց մենք սկսենք այդ խնդիրները կամաց-կամաց լուծել, պարզ կդառնա, որ մենք մեր դաշտը գրավում ենք, անկախ որևէ մեկի ցանկությունից։ Պարզապես չեմ հասկանում ընդդիմության այն գործիչներին, որոնք փոխանակ իրենց քաղաքական պայքարն ուղղեն իշխանություն-ընդդիմություն դաշտ, ուղղում են ընդդիմադիր դաշտ։ Ընդդիմության մեջ փնտրում են իրենց հակառակորդներին, սլաքն ուղղում դրա ուղղությամբ, ես այդպիսի տրամաբանությունը չեմ հասկանում. դա չի օգնի ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիային։ Ամեն մեկն ինքն է որոշում իր մարտավարությունը, բայց այդ հայտարարությունները ևս մեկ անգամ ինձ համոզում են, որ այս պահին ՀԱԿ-ի հետ ունենք լուրջ տարաձայնություններ՝ քաղաքական դիրքորոշումների մասով։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը