Քաղաքական

08.11.2023 19:38


Պադավատապետություն. Ալեն Սիմոնյանի մեքենային ուղեկցում են երկու նոր «Տոյոտա» ջիփ-ամենագնացներ

Պադավատապետություն. Ալեն Սիմոնյանի մեքենային ուղեկցում են երկու նոր «Տոյոտա» ջիփ-ամենագնացներ

168.am-ի աղբյուրներն այսօր ֆիքսել են, թե ինչպես է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը համալրվում երկու նոր «Տոյոտա» մակնիշի ջիփ-ամենագնացներով՝ համապատասխան «միգալկաներով» կազմ-պատրաստ:

168.am-ը ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանից փորձեց տեղեկանալ՝ արդյոք դա նոր գնո՞ւմ է, և ի՞նչ է արժեցել թանկարժեք այդ գնումը:

Ի պատասխան՝ Ծովինար Խաչատրյանը հաստատեց մեր աղբյուրի տեղեկությունը՝ մանրամասնելով. «Այսօրվանից են այդ մեքենաները փոխվել, բայց մյուս մանրամասներին Ազգային ժողովն իրավասու չէ պատասխանել, քանի որ ուղեկցող մեքենաներում Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) աշխատակիցներն են, և մեքենան պատկանում է իրենց»:

Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի ապրիլին կառավարությունը որոշել էր 54 մլն դրամ գումար հատկացնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային ուղեկցող Toyota RAV 4 մոդելի ամենագնաց երեք ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Այս որոշումը մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում, սոցցանցերում:

Ի դեպ, այդ հարցը կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի թվում էր, իսկ հիմնավորումն այն էր, թե «ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ՀՀ ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը: ՀՀ ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար»:

Այդ վեհ նպատակի համար այն ժամանակ որոշել էին ուղղել ՀՀ Ազգային ժողովին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները:

Հիշեցնենք՝ նախորդիվ՝ նիստի օրակարգում ընդգրկված նմանատիպ մի չզեկուցվող հարցով էլ իշխանությունները 90 միլիոն դրամ էին հատկացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար BMW 750Li xDrive LCI դասի մեքենա գնելու նպատակով։

«Ինչի՞ պետք է ներկայանալի դասի լինի, որովհետև ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, և մենք բազմաթիվ հյուրեր ենք ունենում»,-հենց այս ձևակերպումով ու դեմքի լուրջ արտահայտությամբ էլ Ալեն Սիմոնյանը եթերից մարդկանց համոզում էր, թե ինչո՞ւ իր համար գնված մեքենան պետք է լինի 90 միլիոն դրամ արժողությամբ, և, թե ինչ մեծ «ադալժենի է» արել նա՝ հրաժարվելով ավելի թանկարժեք՝ զրահապատ մեքենայի գաղափարից:

ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ավելի ուշ լրատվամիջոցների հետ զրույցում վստահեցրել էր՝ Toyota RAV 4 մոդելի այդ մեքենաների գնման գործընթացը չի իրականանալու, որոշել են ձեռնպահ մնալ նման քայլից:

Բայց արդյոք չէի՞ն հրաժարվել նման թանկարժեք գնումներից, քանի որ, ինչպես արդեն պարզ դարձավ, թանկարժեք երկու ջիփ-ամենագնացներն Ալեն Սիմոնյանի տրամադրության տակ են: Ավելին՝ Ալեն Սիմոնյանի ավտոշարասյանն են արդեն միացել այդ ջիփերը, և, առաջին վայրը, որ նրան ուղեկցելով տարել են մասնակցելու՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի թաղման արարողությունն է:

Այս խորագրի վերջին նյութերը