Աշխարհ

09.11.2023 11:14


Իրաքում ամերիկյան ռազմաբազան ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել, Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը տագնապի ազդանշաններ են հնչել

Իրաքում ամերիկյան ռազմաբազան ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել, Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը տագնապի ազդանշաններ են հնչել

Իրաքի հյուսիսում գտնվող ամերիկյան ալ Հարիր ավիաբազան զինված անօդաչու թռչող սարքերի կողմից ենթարկվել է հարձակման, որին նախորդել են տագնապի ազդանշաններ Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ գործակալության աղբյուրների՝ ԱՄՆ դեսպանատանը շչակները գործարկվել են նոյեմբերի 8-ի երեկոյան, սակայն շենքին հարվածների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ ԱՄՆ դեսպանատան խոսնակը և Իրաքի կառավարության պաշտոնյան առայժմ մեկնաբանություն չեն տվել։

Իսկ ալ Հարիր ավիաբազայի դեմ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքում իսլամական դիմադրություն» կոչվող խմբավորումը։ Ըստ խմբավորման հայտարարության՝ ալ Հարիր ավիաբազան թիրախավորել են երկու ԱԹՍ-ներ։

Իրաքում և Սիրիայի հետ սահմանին տեղակայված ամերիկյան և միջազգային ուժերի հենակետերը Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ավելի քան մեկ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում տասնյակ հարձակումների են ենթարկվել։

ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ պաշտպանական ուժեղ համակարգերի շնորհիվ հարվածները չեն հասել իրենց նշանակետերին։ Նրանք հարձակումների պատասխանատու են անվանել Իրանի աջակցությունը վայելող խմբավորումներին։

Այդ հարձակումների մեծ մասի պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքում իսլամական դիմադրություն» խմբավորումը՝ հայտարարելով, որ դրանք իրականացվում են՝ ի պատասխան այն բանի, որ ԱՄՆ-ն ներկայիս Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության ընթացքում աջակցում է Իսրայելին։

Իրաքի վարչապետը խոստացել է հետապնդել ԱՄՆ-ի և կոալիցիայի ռազմաբազաների վրա հարձակման պատասխանատուներին։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում սպանվել է 1400 մարդ, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 10 500-ը․ նրանց 40 %-ը երեխաներ են։

Այս խորագրի վերջին նյութերը