Աշխարհ

20.11.2023 19:49


ԱՄՆ-ն ամպագոռգոռ հայտարարություններ է անում և միջամտում իր հետ կապ չունեցող հարցերին. Իրանի ԱԳՆ-ն՝ Կովկասում միջանցքի ստեղծման մասին

ԱՄՆ-ն ամպագոռգոռ հայտարարություններ է անում և միջամտում իր հետ կապ չունեցող հարցերին. Իրանի ԱԳՆ-ն՝ Կովկասում միջանցքի ստեղծման մասին

Թեհրանի և տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համագործակցությունը շարունակվում է, և ամերիկացիներն իրավունք չունեն միջամտելու Իրանի և նրա հարևան երկրների բարեկամական հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանաանին, գրում է Mehr գործակալությունը:

Քանաանին այսպես է արձագանքել Հարավային Կովկասում միջանցքի ստեղծմանը Իրանի մասնակցության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հայտարարությանը։

«ԱՄՆ-ն ամպագոռգոռ հայտարարություններ է անում և միջամտում իր հետ կապ չունեցող հարցերին. Իրանի և տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ համագործակցությունը շարունակվում է, և ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտելու Իրանի և հարևան պետությունների բարեկամական հարաբերություններին։ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի միջամտությունը տարածաշրջանի ներքին գործերին և դասեր քաղի անցյալից: Նման միջամտությունները ԱՄՆ-ին ոչ մի օգուտ չեն բերի»,-հավելել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Օ'Բրայենը Սենատում լսումների ժամանակ հայտարարել էր, որ տրանսպորտային միջանցքը, որը կստեղծվի այլ կերպ՝ ուժի կիառմամբ կամ Իրանի մասնակցությամբ, կստանա հուժկու արձագանք:

«Դա հաջողության չի հանգեցնի, ընտրությունը պարզ է: Մեկ այլ ասպեկտն էլ այն է, թե այս երկրներն ապագայում ինչ քաղաքական հարաբերություններ են ցանկանում ունենալ: Կարծում եմ, ապագան, որը կառուցված է լինելու Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների շուրջ, կլինի անկայուն և անցանկալի՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար: Նրանք այսօր ունեն ընտրություն կատարելու հնարավորություն, և մենք հիմա փորձում ենք հստակեցնել դա: Հույս ունեմ՝ առաջիկայում այդ մասին ավելի բարձրաստիճան արձագանքներ կունենանք»,-ասել էր նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը