Աշխարհ

25.11.2023 20:28


Հին Հռոմում միայն մեկ մարդ էր ավելի հզոր, քան կայսրը

Հին Հռոմում միայն մեկ մարդ էր ավելի հզոր, քան կայսրը

Հռոմեական հանրապետության սահմանադրությունը թույլ էր տալիս ամենազոր բռնապետին ղեկավարել պետությունը ճգնաժամի ժամանակ։ Բռնապետերի մեծ մասը հիշվել է ոչ թե իր ձեռքբերումներով, այլ հռոմեական օրենքին ենթարկվելով, գրում է Big Tnink-ը։

Այն բանից հետո, երբ Հին Հռոմի բնակիչները վտարեցին վերջին թագավորին՝ Տարքվինիոս Գոռոզին, մ.թ.ա. 509 թվականին, նրանք երդվեցին այլևս երբեք չծառայել այլ թագավորի: Արդյունքում ստեղծվեց Հռոմեական հանրապետությունը և ստեղծվեց սահմանադրություն, որը թույլ չէր տալիս ամբողջ իշխանությունը կենտրոնացնել մեկ անձի ձեռքում, հայտնում է Focus-ը։

Մեկ թագավորի փոխարեն Հին Հռոմում սկսեց կառավարել երկու կոնսուլ։ Նրանց ընտրում էին ժողովրդական ժողովի ժամանակ, իսկ պաշտոնին նշանակում էր Սենատը։ Յուրաքանչյուր կոնսուլ կարող էր վետո դնել մյուսի որոշումների վրա։ Երկուսն էլ կախված էին Սենատից՝ իրենց հրամանագրերը կատարելու հարցում: Մինչդեռ Սենատը, որը բաղկացած էր հիմնականում պատրիկների իշխող դասից, ստիպված էր պայքարել պլեբեյ տրիբունների, այսինքն՝ հասարակության ցածր խավերի ներկայացուցիչների հետ։

Կառավարման այս համակարգի միակ թույլ կողմը բացահայտվել է արագ և վճռական գործողություններ պահանջող արտակարգ իրավիճակների ժամանակ։ Որպեսզի Հռոմի հանրապետությունը կարողանա հաղթահարել ճգնաժամը, ներդրվեց ժամանակավոր բռնապետերի նշանակման համակարգ, որոնք ավելի մեծ իշխանություն ունեին, քան կոնսուլները, սենատորները և նույնիսկ անցյալի հռոմեական թագավորները: Այս հռոմեական բռնապետերն ավելի հզոր էին, քան կայսրերը: Հռոմեական սահմանադրությամբ կայսրն ու Սենատը համարվում էին հավասար, ընդ որում վերջինս ստանձնում էր ժողովրդի տրիբունների պարտականություններն ու պատասխանատվությունը։

Բռնապետերը Հռոմեական հանրապետության ամենահզոր մարդիկ էին: Ոչ ոք չէր կարող վետո դնել նրանց որոշումների վրա, նրանք կարող էին զինվորներ զորակոչել բանակ և պլանավորել ռազմական արշավներ: Նրանք կարող էին հալածել նաև Հռոմեական հանրապետության թշնամիներին։ Ժամանակավոր բռնապետերին ընտրում էին վեց ամսով, և ամենահետաքրքիրն այն է, որ այս ժամկետի ընթացքում նրանք չէին կարող պատասխանատվության ենթարկվել այս կամ այն գործողությունների համար։

Մ․թ․ա․ 501-ից 202 թվականներին Հռոմեական հանրապետությունում 85 անգամ ժամանակավոր բռնապետ է նշանակվել։ Ամենից հաճախ նրանք նշանակվել են պատերազմական, բայց նաև հանրապետությունում առկա ներքին տարաձայնությունների ժամանակահատվածներում։

Հին Հռոմի մեծագույն բռնապետերին հիշել են ոչ այնքան նրանց ձեռքբերումների, որքան օրենքներին ենթարկվելու համար: Իրենց պարտականությունները կատարելուց հետո բռնապետերը վերադառնում էին Հռոմի քաղաքացու սովորական կյանքին: Գիտնականները մինչ օրս զարմացած են, որ ոչ մի բռնապետ չի փորձել զավթել իշխանությունը, թեև նրանք իրավունք ունեին փոփոխություններ կատարել հռոմեական սահմանադրության մեջ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը