Աշխարհ

26.11.2023 09:35


ՀԱՄԱՍ-ը 39 պաղեստինցի բանտարկյալի դիմաց ևս 17 պատանդ է հանձնել Իսրայելին

ՀԱՄԱՍ-ը 39 պաղեստինցի բանտարկյալի դիմաց ևս 17 պատանդ է հանձնել Իսրայելին

17 պատանդներից բաղկացած խումբը շաբաթ օրը մեկ ժամ ուշացումից հետո ազատ է արձակվել Գազայի հատվածից և ժամանել Իսրայել, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ):

Իսրայելի 13 և Թաիլանդի չորս քաղաքացի ազատ է արձակվել շաբաթ օրը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև մարտերը դադարեցնելու համաձայնագրի շրջանակներում: Ինչպես սպասվում էր, համաձայնագրին համապատասխան, 39 պաղեստինցի բանտարկյալ, որոնք պահվում էին իսրայելական իշխանությունների կողմից, ազատ են արձակվել երկրորդ օրը, կիրակի վաղ առավոտյան հայտնել է Իսրայելի բանտային ծառայության ներկայացուցիչը:

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակման ժամանակ գրոհայինների կողմից առևանգված մոտ 240 մարդկանցից 50-ը և իսրայելական իշխանությունների կողմից պահվող 150 պաղեստինցի բանտարկյալները պետք է ազատ արձակվեն մինչև երկուշաբթի, մինչև քառօրյա զինադադարի ավարտը:

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, Կարմիր Խաչը պատանդներին հանձնել է Եգիպտոսին, ավելի ուշ նրանք նախնական բժշկական հետազոտություն են անցել Իսրայելում և տեղափոխվել հիվանդանոցներ՝ վերամիավորվելու իրենց ընտանիքներին։

Ազատ արձակումը հապաղել է ՀԱՄԱՍ-ի մեղադրանքների պատճառով, թե Իսրայելը խախտել է զինադադարի համաձայնագրի պայմանները։ Խոսքը, մասնավորապես, պաղեստինցի բանտարկյալներին համաձայնեցված կարգով չազատելու մասին էր։

Ուրբաթ օրը Գազայի հատվածից ազատ է արձակվել 24 պատանդ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը