Աշխարհ

26.11.2023 11:51


Գիշերը Մոսկվայի վրա անօդաչուներով զանգվածային հարձակման փորձ է եղել. «Վնուկովո»-ն և «Դոմոդեդովո»-ն ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը

Գիշերը Մոսկվայի վրա անօդաչուներով զանգվածային հարձակման փորձ է եղել. «Վնուկովո»-ն և «Դոմոդեդովո»-ն ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը

ՀՕՊ ուժերը խոցել են Մոսկվայի ուղղությամբ թռչող մի քանի անօդաչու սարք: Տուժածներ չկան, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում։

«Այս գիշեր անօդաչուներով զանգվածային հարձակման փորձ է արվել: Այս պահին հակաօդային պաշտպանության ուժերը Նարո-Ֆոմինսկի շրջանում և Օդինցովո քաղաքային շրջանում դեպի Մոսկվա թռչող անօդաչու սարքեր են խոցել: ՀՕՊ-ին հաջողվել է նաև որսալ և ոչնչացնել մի քանի անօդաչուներ Բրյանսկի, Տուլայի և Կալուգայի շրջաններում»,-գրել է Սոբյանինը։

Այնուհետև նա հաղորդել է մեկ այլ անօդաչու թռչող սարքի մասին, որը փորձել է հարձակում իրականացնել Մոսկվայի վրա: Սարքը խփվել է Պոդոլսկի քաղաքային թաղամասում։

Սոբյանինը նշել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ավերածություններ կամ զոհեր չեն եղել անօդաչուների բեկորների անկման հետևանքով։

ՏԱՍՍ-ը հավելում է, որ մոսկովյան «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները կարճ ժամանակով դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու մեկնումը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երկու օդանավակայանն էլ վերսկսել են աշխատանքը։ Այս մասին են վկայում Flightradar24.com-ի և օդանավակայանի առցանց ցուցատախտակների տվյալները։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը