Աշխարհ

26.11.2023 17:39


Առաջիկայում Իրանի, ՌԴ-ի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերը կինտեգրվեն. Իրանի էներգետիկայի նախարար

Առաջիկայում Իրանի, ՌԴ-ի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերը կինտեգրվեն. Իրանի էներգետիկայի նախարար

Աշխատանքային հանդիպում է կայացել Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարների միջև, որում ուսումնասիրվել են երեք երկրի էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորման նախագծի իրականացման մանրամասները, այս հարցով առաջիկայում ևս մեկ հանդիպում տեղի կունենա, հայտնել է Իրանի էներգետիկայի նախարարը։ Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը:

«Մենք հուսով ենք, որ առաջիկա առավելագույնը 6 ամսվա ընթացքում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրահամակարգերը կսկսեն էլեկտրաէներգիայի փոխանակումը»,-ասել է Ալի Աքբար Մեհրաբիանը։

Նա նշել է, որ ուսումնասիրվել են երեք օպտիմալ երթուղիներ Իրանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը միացնելու համար՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի տարածքով։

«Նախագծի իրականացման առումով Ադրբեջանն ավելի քիչ բարդ է: Ցանցերի զարգացման և ենթակառուցվածքային նախագծերի իրականացման առանձնահատուկ անհրաժեշտություն չկա»,-ասել է Իրանի էներգետիկայի նախարարը։

«Մենք շատ լավ պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, որը թույլ է տալիս հնարավորինս սեղմ ժամկետներում ինտեգրել երեք երկրների էլեկտրաէներգիայի համակարգերը»,-եզրափակել է իրանցի պաշտոնյան։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը