Աշխարհ

28.11.2023 18:23


Աշխարհի խոշորագույն այսբերգը կարող է անհետանալ առաջիկա ամիսներին

Աշխարհի խոշորագույն այսբերգը կարող է անհետանալ առաջիկա ամիսներին

Աշխարհի խոշորագույն այսբերգը` A23a-ն՝ 4200 քառակուսի մետր մակերեսով, 2023 թվականի նոյեմբերի կեսերին դրեյֆի պատճառով դուրս է եկել Հարավային օվկիանոսի բաց ջրեր: Դրա հետևանքով առաջիկա ամիսներին այն կսկսի սրընթաց քայքայվել և կարող է անհետանալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ Արկտիկայի և Անտարկտիկայի գիտահետազոտական ինստիտուտի մամուլի ծառայությունը:

«Արկտիկայի և Անտարկտիկայի գիտահետազոտական ինստիտուտի Սառույցի և հիդրոօդերևութաբանության տեղեկատվության կենտրոնի մասնագետների կարծիքով՝ հաջորդ ամսվա ընթացքում այն կմտնի Սկոտյա ծով, որտեղ շուտով կդադարի իր գոյությունը»,-ասել են մամուլի ծառայությունում:

1986 թվականի սեպտեմբերին սառույցի մեծ զանգվածը պոկվել էր Ֆիլչներ սառցադաշտից։ Պոկման վայրում առաջացել էին երեք վիթխարի այսբերգներ։ Շելֆից պոկվելուց հետո այսբերգը բավականաչափ արագ խրվել էր ծանծաղուտն Անտարկտիդայի Ուեդդելի ծովի հարավային մասում՝ վերածվելով սառցե կղզու։ 2023 թվականի ամռանն այսբերգն առաջին անգամ շարժվել էր տեղից՝ ջրի հոսքերի ազդեցության պատճառով։

Անտարկտիդայի ձմռան ընթացքում այսբերգը, շարժվելով Անտարկտիդայի թերակղզու ափերով, անցել է 1 118 ծովային մղոն (2070 կմ)։ Դրեյֆի ընթացքում այսբերգը մակերեսի էական կորուստներ չի կրել։

«Սպասվում է, որ A23a այսբերգը կընկնի օվկիանոսային հոսանքների մեջ, այնուհետև կանցնի Հարավային Օրկնեյան կղզիների մոտով և կքշվի Սկոտյա ծով: Հետագայում այն բավականին արագորեն կդադարի իր գոյությունը՝ որպես մեկ ամբողջություն` քամու, ալիքների և օվկիանոսի տաք ջրերի ազդեցության ներքո: Սակայն առայժմ չի կարելի բացառել, որ A23a այսբերգը կկարողանա մնալ Ուեդդելի շրջապտույտի համակարգում․ այդ դեպքում նրա կյանքը կերկարաձգվի ևս մի քանի տարով»,-հավելել են մամուլի ծառայությունում:

Այս խորագրի վերջին նյութերը