Աշխարհ

14.12.2023 18:36


Բաքուն հաստատել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգը

Բաքուն հաստատել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգը

Ադրբեջանի նախարարների կաբինետը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման վերաբերյալ ադրբեջանական և հայկական հանձնաժողովների աշխատանքի և հանդիպումների կանոնակարգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի համապատասխան որոշումը հրապարակվել է երկրի կառավարության կայքում։

«Հաստատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական ​​սահմանի սահմանազատման պետական ​​հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման կանոնակարգը»,-փաստաթղթից մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին նոյեմբերի 30-ին տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը: Կողմերը նախնական համաձայնեցրել էին սահմանազատման հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը:

Կողմերը պայմանավորվել էին սկսել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև համաձայնության էին եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը:

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի կառավարությունը ևս հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։

Այս խորագրի վերջին նյութերը