Լրահոս

21.12.2023 21:13


ՀՀ քաղաքացիներից հափշտակվել է 500 հազար դոլարից ավելի գումար. ՔԿ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիներից հափշտակվել է 500 հազար դոլարից ավելի գումար. ՔԿ (տեսանյութ)

Համացանցում գործի է դրվել հանցավոր նոր մեխանիզմ, որով ՀՀ քաղաքացիներից արդեն իսկ հափշտակվել է 500 հազար դոլարից ավելի գումար։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

2022-ի վերջերից սոցիալական ցանցերում տարածված գովազդներով քաղաքացիներին առաջարկվում է գրանցվել իբր եկամտաբեր ներդրումային ծրագրերում ու որոշակի գումար ներդնելով ստանալ անհամեմատ բարձր շահույթ։ Գրավչությունը բարձրացնելու և արժանահավատության պատրանք ստեղծելու նպատակով, սոցիալական ցանցերով տարածվող գովազներում, արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ, օգտագործվում են հանրաճանաչ մարդկանց պատկերներ, հայտնի ընկերությունների անվանումներ և պատկերանշաններ։

Նշված մեխանիզմով խարդախության հեղինակները հարյուրավոր անձանցից հափշտակել են ոչ միայն վերջիններիս կողմից որպես ներդրում կատարված, այլև նրանցից տարբեր պատրվակներով ստացած գումարները։

ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին զգուշացնում է ներդրում կատարելուն ուղղված ցանկացած առաջարկ ընդունելուց առաջ նախ ստուգել դրա հավաստիությունը, զերծ մնալ ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող և չափազանց գրավիչ ու որևէ տեսակի ջանասիրություն ու աշխատանք չպահանջող առաջարկներին արձագանքելուց: Ստուգեք, որ ներդրումային առաջարկ անող ընկերություններն ունենան Կենտրոնական բանկի կամ իրական բանկերի ու կազմակերպությունների միայն պաշտոնական կայքերում տեղադրված և փաստացի առկա լիցենզիա։

Այս խորագրի վերջին նյութերը