Աշխարհ

22.12.2023 12:49


Վլադիկավկազ–Լարս ճանապարհը փակվել է մեծ բեռնատարների համար

Վլադիկավկազ–Լարս ճանապարհը փակվել է մեծ բեռնատարների համար

Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը որոշում է ընդունել ձյան և մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար փակել Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը», -նշել են գերատեսչությունում։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մնացած հատվածները բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Գերատեսչությունում հավելել են, որ ավտոմեքենաները ճանապարհը կանցնեն առանց կանգնելու և միայն ձնահյուսապաշտպան թունելներով։

Ռազմավիրական ճանապարհը տանում է Վլադիկավկազից Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։ Ռուսական հատվածում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով:

Այս խորագրի վերջին նյութերը