Լրահոս

02.11.2011 15:19


Կանխվել է թմրամիջոցների ապօրինի ներկրման փորձը Հայաստան

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր են բացահայտել: Այսպես, Մեղրիի մաքսակետում, իրացնելով օպերատիվ տվյալները Թեհրան-Երևան երթուղային ավտոբուսով ժամանած ԻԻՀ քաղաքացի Աթիղ Մոհամմադիի գրպանից հայտնաբերվել է շուրջ 4 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոց հիշեցնող զանգված:

Վարչության աշխատակիցները, իրացնելով ավիափոխադրումներով իրականացվող մաքսային իրավախախտումների ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում ստացված օպերատիվ տեղեկությունները, մեկ այլ դեպք էլ «Զվարթնոց» օդանավակայանում են բացահայտել: Մաքսային հսկողության «կանաչ ուղին» հատելուց հետո զննության է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Զավեն Զաքարյանը, որի մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված 25 000 ԱՄՆ դոլար և 60 000 ՌԴ ռուբլի: Օգտվելով առիթից, Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը իրավունք ունեն առանց գրավոր մաքսային հայտարարագիր լրացնելու Հայաստանի Հանրապետություն ներմուծել մինչև 15 000 եվրոյին համարժեք կանխիկ դրամ: Իսկ առանց որևէ փատաթղթի առկայության Հայաստանի Հանրապետությունից իրավունք ունեն արտահանել մինչև 5 միլիոն կանխիկ ՀՀ դրամ և համարժեք կանխիկ արտարժույթ:

Մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր են արձանագրվել նաև մայրաքաղաքում: Այսպես, «Ջոլի ֆեմիլի» ՍՊԸ-ին հասցեագրված բեռը տեղափոխող ավտոմեքենան, Հայաստանի սահմանը հատելուց հետո, փոխադրման ամփոփագրում նշված «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ մաքսային պահեստի փոխարեն մուտք է գործել ընկերության պահեստ, որտեղ առանց մաքսային մարմինների թույլտվության, մաքսային հսկողության տակ գտնվող բեռից 70 արկղ պլաստմասե ապրանք է բեռնաթափվել պահեստ: Խախտումը հայտնաբերվելուց հետո բեռնաթափված ապրանքատեսակները հետ են բարձվել և ուղեկցվել համապատասխան մաքսային պահեստ:

Իսկ «Սիընդէֆքո» ՍՊԸ-ի կողմից ներմուծված բեռի զննության ընթացքում պարզվել է, որ մի շարք ապրանքներ հայտարարագրվել են ոչ իրենց անվանումներով, ապրանքների մեկ այլ խմբի դեպքում էլ սխալ է հայտարարագրվել ծագման երկիրը: Ներկայացված փաստերի առնչությամբ ընթանում է քննություն:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը