Կարծիք

27.12.2023 14:59


Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան` Ա. Մանասյանին

Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան` Ա. Մանասյանին

Բաց նամակ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Ա. Մանասյանին:

Հայտնում եմ Ձեզ, որ ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանինին 05.12.2023 թ-ին ներկայացրել եմ hաղորդում հանցագործության մասին, նշելով որ տարիներ շարունակ՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը բարձրաձայնում է այն, որ զինծառայողներին տարիներ շարունակ տրամադրվող ամենամյա արձակուրդի օրերի քանակը հաշվարկվել է օրենքի խախտմամբ, մասնավորապես՝ աշխատանքային օրերի փոխարեն, տրամադրվել է օրացույցային օրերով, կոպտորեն խախտելով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

2018 թ-ի ՀՀ ՄԻՊ-ի տարեկան հաղորդմամբ, իսկ 2021 թ-ին ՀՀ Հանրային խորհուրդի արձանագրմամբ, ինչպես նաև 27.06.2022 թ. մամուլի ասուլիսի ժամանակ, վերոնշյալ խնդրի առկայությունը արձանագրել է նաև՝ Նիկոլ Փաշինյանը:

Ընդ որում նախաձեռնության համակարգող, ըստ հայցի՝ Էդգար Մարատի Հովհաննիսյանի ընդդեմ՝ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություններ, հանուն Հայաստանի Հանրապետության 03.10.2023 թ. թիվ ՎԴ /6076/05/22 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած, ըստ էության նախադեպային վճռով, արդեն իսկ արձանագրված է վերոնշյալ աշխատանքային իրավախախտման առկայությունը:

Այն որ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձիք կանխամտածված և կոպտորեն խախտել ու խախտում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև 185-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, մասնավորապես՝ զինծառայողների ամենամյա արձակուրդային օրերի քանակը հաշվարկվել է օրացույցային օրերի քանակով, ըստ այդմ, պակաս տրամադրելով, այն դեպքում, երբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով սահմանված կարգով պետք է հաշվարկվեր ու տրամադրվեր աշխատանքային օրերով, իսկ 185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին, խնդրելով՝ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին նյութեր նախապատրաստելու և քրեական վարույթ նախաձեռնելու՝ ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար:

05.12.2023 թ-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազություն վերահասցեագրված հանցագործության մասին hաղորդումը ուսումնասիրվել է և նույն վարչական շրջանի դատախազ Հ.Ղազարյանի կողմից 12.12.2023 թ-ին պատասխանվել է, որ այն քննարկման ենթակա չէ, քանի որ առերևույթ հանցանքի մասին տվյալներ չի պարունակում, սակայն՝

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն՝

1. Այն դեպքում, երբ հաղորդումը չի համապատասխանում սույն օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված պայմաններին, քննիչը քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմում, որի վերաբերյալ գրավոր տեղեկացնում է հսկող դատախազին՝ նշելով քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքը:

2. Քրեական վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, հսկող դատախազը հաստատում է այն կամ հանձնարարում է քննիչին նախաձեռնել քրեական վարույթ և սկսել նախաքննություն:

3. Քրեական վարույթ չնախաձեռնելու և դրա օրինականությունը հսկող դատախազի կողմից հաստատելու մասին քննիչն անհապաղ գրավոր տեղեկացնում է հաղորդումը ներկայացրած անձին՝ նշելով քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքը, ինչպես նաև պարզաբանելով քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը բողոքարկելու կարգը և ժամկետները:

Իսկ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն՝

1. Նախաքննությունն իրականացվում է այն վայրում, որտեղ կատարվել է ենթադրյալ հանցանքը, իսկ դա պարզելու անհնարինության դեպքում` ենթադրյալ հանցանքի բացահայտման վայրում:

2. Այլ վայրում առանձին ապացուցողական կամ վարույթային այլ գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է այդ գործողությունները կատարելու անձամբ կամ միջնորդելու իր անմիջական վերադասը հանդիսացող քննչական մարմնի ղեկավարին` իր իրավասության սահմաններում ապահովելու դրանց կատարումը` հանձնարարություն տալու կամ քննչական փոխօգնության խնդրանք ներկայացնելու եղանակով:

3. Պատշաճության և համակողմանիության ապահովման նպատակով, իրավասու վերադաս դատախազի որոշմամբ, նախաքննությունը կարող է կատարվել ենթադրյալ հանցագործության բացահայտման, դրա հետևանքների վրա հասնելու, ինչպես նաև մեղադրյալների, տուժողների և վկաների մեծամասնության գտնվելու վայրում:

4. Մեկից ավելի վայրերում ենթադրյալ հանցանքների կատարման դեպքում, եթե դրանց վերաբերյալ վարույթները միացվել են մեկ վարույթում, իրավասու վերադաս դատախազի որոշմամբ նախաքննությունն իրականացվում է այն վայրում, որտեղ կատարվել է ենթադրյալ հանցանքների մեծ մասը կամ դրանցից առավել ծանրը: 5. Նախաքննության ընթացքում տարածքային ենթակայության հետ կապված վեճերը լուծում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը:

Մեր դեպքում, 05.12.2023 թ-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հանցագործության մասին հաղորդմամբ խնդրել եմ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին նյութեր նախապատրաստելու և քրեական վարույթ նախաձեռնելու՝ ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար:

Սակայն Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ՝ Հ. Ղազարյանի կողմից 12.12.2023 թ-ին պատասխանվել է, որ այն քննարկման ենթակա չէ, քանի որ առերևույթ հանցանքի մասին տվյալներ չի պարունակում:

Վերոնշյալ գրության հետ համաձայն չեմ, քանի որ այդ գրությունից չի հասկացվում իմ կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հանցագործության մասին հաղորդումը օրենքով սահմանված կարգով ընթացք տրվել է, թե՝ ոչ: Անհասկանալի է նաև ընթացակարգային, դատավարական գործիքակազմի կիրառումը, դրա կիրառման իրավաչափությունը: Այն դեպքում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի դրույթներով հստակորեն սահմանված են քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքերը, իսկ 182-րդ հոդվածի պահանջներից ելնելով անհասկանալի է դառնում՝ ՀՀ դատախազության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ավագ դատախազ, երկրորդ դասի խորհրդական՝ Հ.Ղազարյանի արարքը, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունը գտնվում է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում, ուստի ակնհայտ է, որ խախտվել է նախաքննության կատարման վայրի տարածքային ենթակայության, ըստ էության ընդդատության կարգը:

Այդ հիմքերում իսպառ բացակայում են քաղաքացու հանցագործության մասին հաղորդումը դատախազության կողմից գրությամբ պատասխանելու /Ճանապարհելու/ իրավասությունները: Ընդ որում՝ գրությամբ թեև նշված է քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքը, սակայն այն վերացական է և չի պարունակում հստակություն:

Ամբողջ վերոգրյալներով պայմանավորված՝ հանգում եմ այն հետևության, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ, ինչպես նաև 182-րդ հոդվածների դրույթներով սահմանված կանոնները սույն դեպքում պահպանված չեն, քանի որ, ինչպես վերը նշվեց, բացի այլնից 12.12.2023 թ-ին քրեական վարույթ չնախաձեռնելու մասին որոշումը /գրությունը/ կազմած չէ քննիչի կողմից, ինչպես նաև վերջինս այդ որոշման մասին չի տեղեկացրել ինձ՝ հաղորդումը ներկայացված անձին, ինչպես նաև ակնհայտ է, որ խախտված է օրենքով սահմանված նախաքննության կատարման վայրի տարածքային ենթակայության կարգը:

Ելնելով վերոգրյալից՝ Խնդրում եմ Ձեզ դիմումիս տալ համապատասխան ընթացք, աջակցել իմ, ինչպես նաև ՀՀ ՊՆ զինծառայողների աշխատանքային իրավունքների վերականգնման հարցում:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյան

27.12.2023 թ.

Այս խորագրի վերջին նյութերը