Լրահոս

28.12.2023 16:15


Մահվան ելքով վթարից հետո ՀՔԾ նախկին քննիչը մնացել է ազատության մեջ

Մահվան ելքով վթարից հետո ՀՔԾ նախկին քննիչը մնացել է ազատության մեջ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այս տարվա օգոստոսի 12-ին Երևանում՝ Կոմիտասի պողոտայում տեղի է ունեցել ողբերգական վթար, իսկ վարորդը ՀՔԾ նախկին քննիչը եղել է ոչ սթափ վիճակում: Վթարի հետևանքով մյուս՝ Volkswagen Golf մեքենայի վարորդը տեղում մահացել էր։

Shamshyan.com-ը, մասնավորապես, գրել էր.

«Ողբերգական ավտովթարի փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ford Fusion-ի վարորդ Երևանի բնակիչ 37-ամյա Հրաչյա Մուշեղյանը ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:

Ինչպես հայտնում է, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մուշեղյանը նախկինում աշխատել է իրավապահ համակարգում, այդ թվում՝ Հատուկ քննչական ծառայությունում, ապա ազատվել է ՀՔԾ-ից և զբաղվել փաստաբանական գործունեությամբ, ու ցավալին այն է, որ սույն պարոնը, ով քաջ ծանոթ եղել իրավապահ համակարգի նիստուկացին, գուցե վստահ լինելով իր կարողությունների վրա, խմած՝ ավտովթարի պատճառ է դարձել (ըստ տեղեկության՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որը պարզվելու է, ու դարձել է ողբերգական ավտովթարի հեղինակ)»:

Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում դեպքի հետ կապված որևէ ինֆորմացիա չհաջողվեց գտնել: Օգոստոսի 12-ին, դրան հաջորդող օրերին որևէ տեղեկատվություն գրված չէ: Մինչդեռ, ՔԿ-ն, որպես կանոն, օրվա պատահարները, որոնց մասով հարուցվում է վարույթ, տալիս է որոշակի տեղեկատվություն:

Ողբերգական վթարից շուրջ կես տարի անց ինչ զարգացում է ստացել գործը, փորձեցինք հասկանալ Քննչական կոմիտեից: ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը փոխանցեց հետևյալը.

«Դեպքի առթիվ քննվում է քրեական վարույթ, մեկ անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է։ Այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն»։

Կոնկրետ ում նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել, ինչ կարգավիճակ ունի անձը, ՔԿ-ից չհայտնեցին: Բայց, պարզվում է, որ ՀՔԾ քննիչը հիմա գտնվում է ազատության մեջ, ավելին զբաղվում է փաստաբանական գործունեությամբ:

Դեպքի մանրամասներին տեղեկանալու համար կապվեցինք այժմ փաստաբան, ՀՔԾ նախկին քննիչ Հրաչյա Մուշեղյանի հետ։ Անմիջապես պատասխանեց զանգին, բայց հարցը լսելուն պես ասաց, որ խիստ զբաղված է, հանդիպման է և անջատեց հեռախոսը:

Թե ինչքանով է Մուշեղյանի՝ իրավապահ համակարգի նախկին մաս լինելու հանգամանքը ազդել այս գործի ընթացքի վրա, ցույց կտան զարգացումները:

Հիշեցնենք, որ Հրաչյա Մուշեղյանը օրիականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ձեռքից ստացել է Մխիթար Գոշ մեդալ:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը