Կարծիք

30.12.2023 13:45


ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը դատապարտում է իրավապահ համակարգի մոտեցումը զինծառայողների ոտնահարված իրավունքների պաշտպանության ոլորտում

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը դատապարտում է իրավապահ համակարգի մոտեցումը զինծառայողների ոտնահարված իրավունքների պաշտպանության ոլորտում

Հանրության դատաստանին ենք ներկայացնում՝ ՀՀ ՊՆ տխրահռչակ նախարար՝ Սուրեն Պապիկյանի պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված և չօգտագործված արձակուրդի օրերի համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների կողմից հասանելիք հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման կարգը սահմանելու մասին 17.07.2023 թ. թիվ 983-Լ հրամանի քաղվածքը:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության հետևողական գործունեության հետևանքով՝ ՀՀ պաշտպանության նախարար՝ Սուրեն Պապիկյանը արձակել է 17.07.2023 թ. թիվ 983-Լ հրամանը, համաձայն որի պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված զինծառայողներին պետք է տրամադվեր դրամական հատուցում, սակայն հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ձեռքի հետ հրամայվել է նաև պաշտոնատար անձանց վեր հանել ենթակա զինծառայողների ծառայության բոլոր տարիների չօգտագործված արձակուրդի օրերը, յուրաքանչուր զինծառայողի հետ կազմելով չօգտագործված օրերի տրամադրման համապատասխան ժամանակացույց, ընդ որում՝ ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարի 13.12.2023 թ. թիվ ՊՆ/510ԳՔ/8320-2023 գրությամբ հավաստիացվել է, որ վերոնշյալ հրամանով սահմանված է նաև զինծառայողների, ըստ էության տարիներ շարունակ տրամադրված ամենամյա արձակուրդների սխալ հաշվարկների (օրացույցային-աշխատանքային օրերի) դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը:

Իսկ վերոնշյալ հրամանի համապատասխան հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ նախկին զինծառայողների կողմից ներկայացված դիմումների ուսումնասիրությունը և հատուցումը վճարելու գործընթացն իրականացվում է նախկին զինծառայողի դիմումը՝ ՀՀ պաշտպանության նախարարություն սահմանված կարգով մուտք լինելու օրվանից 30 օրացույցային օրվա ընթացքում:

Զավեշտալին այն է, որ հրամանի վերնագրից երևում է, որ այն վերաբերվում է միայն պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված զինծառայողներին, սակայն առկա է նաև անդրադարձ ծառայության մեջ գտնվող պայմանագրային զինծառայողներին, որոնց մասով մեր տեղեկությունների համաձայն որևէ գործընթաց առկա չէ, իսկ բազմաթիվ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված զինծառայողների դիմումները արդեն 4-5 ամիս մնում են առհամարված, ընդ որում պաշտպանության նախարարությունը շարունակում է ծախսել հարկատուների գումարները, ըստ էության,անիմաստ բողոքարկելով դատական ատյաններում զինծառայողների հայցապահանջները:

Տպավորությունը այն է, որ վերոնշյալ հրամանով մանիպուլյացիա է արվում պաշտոնատար անձանց կողմից գործած հանցանքի հատկանիշները կոցկելու և վաղեմության ժամկետը երկարացնելու նպատակով, քանի որ մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ պաշտպանության նախարարության բոլոր աշխատակիցները ստացել են պարգևավճարներ, համոզված ենք, որ պարգևավճարները ստացել են նաև այն ծառայողները, որոնք սահմանված կարգով պարտավոր էին կատարել հրամանի պահանջները, սակայն չեն կատարել:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը դատապարտում է իրավապահ համակարգի մոտեցումը զինծառայողների ոտնահարված իրավունքների պաշտպանության ոլորտում, ուստի նախաձեռնությունը հետևողական է լինելու զինծառայողների աշխատանքային իրավունքների վերականգնման, ինչպես նաև բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

30.12.2023 թ.

Այս խորագրի վերջին նյութերը