Լրահոս

06.01.2024 13:59


Հարավային Կորեայում փորձել են մուտք գործել երկրի նախագահի գրասենյակ

Հարավային Կորեայում փորձել են մուտք գործել երկրի նախագահի գրասենյակ

Ձախ արմատական ուսանողական միավորման անդամները փորձել են ներխուժել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յյոլի գրասենյակի շենք և ձերբակալվել են ոստիկանության կողմից: Տեղեկությունը հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։

«Սեուլի Յոնսանի շրջանի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները ձերբակալել են Կորեայի առաջադիմական ուսանողական միության 20 անդամների՝ շենք ապօրինի մուտք գործելու մեղադրանքով»,-հայտնում է գործակալությունը:

Նշվում է, որ ուսանողները ներթափանցման փորձից 10 րոպե առաջ հավաքվել են նախագահի գրասենյակի առջև և տարբեր կարգախոսներ են վանկարկել, այդ թվում՝ նախագահի հրաժարականի և նրա կնոջ՝ Կիմ Գոն Հիի ենթադրյալ ֆինանսական խարդախությունների վերաբերյալ հետաքննություն անցկացնելու պահանջով:

Հանրահավաքը նախապես համաձայնեցված չի եղել։ Ուսանողական միության անդամները խնդրել են հանդիպում կազմակերպել վարչակազմի աշխատակիցների հետ, որից հետո սկսել են դարպասով և ցանկապատով ներխուժել շենք: Նրանց մի մասին հաջողվել է հաղթահարել անցակետը, մյուսները նստացույց են կազմակերպել անցակետի դիմաց։

Ոստիկանությունը բերման ենթարկվածներին տարբեր տեղամասեր է տեղափոխել և պարզում է դեպքի հանգամանքներն ու դրդապատճառները:

Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը