Հարցազրույց

09.01.2024 23:13


Փաշինյանը վրեժ է լուծում՝ քաղաքացուն դարձնելով տուգանքի մատերիալ. կթանկացնեն նաև տրանսպորտը. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)

Փաշինյանը վրեժ է լուծում՝ քաղաքացուն դարձնելով տուգանքի մատերիալ. կթանկացնեն նաև տրանսպորտը. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)

Ժողովրդին տուգանքի մատերիալ չդարձնելու խոստումներ տված իշխանությունը՝ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, վերցնելով իշխանությունը, անմիջապես ձեռնամուխ եղավ ժողովրդին տուգանքի մատերիալ դարձնելու գործին՝ մի քանի անգամ բարձրացնելով երևանցիների համար սահմանված տուգանքները։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 13 անգամ թանկացրեց Երևանի կենտրոնում կարմիր կետագծերի վրա կայանելու տուրքը՝ 12 հազար դրամից հասցնելով 160 հազար դրամի, և միայն դրանով չբավարարվեց։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանը, խոսելով երևանցիների համար սահմանված մի քանի անգամ բարձրացված տուգանքների մասին, նշեց՝ պետական տուրքերի ավելացմամբ քաղաքային իշխանությունը չի լուծելու, օրինակ, Երևանի կենտրոնի բեռնաթափման խնդիրը, այսինքն, ստացվում է՝ մտնում է քաղաքացու գրպանը՝ նրան թալանելու նպատակով։

«Օրինակ, կարմիր գծերը թանկացնելով՝ որևէ հարցի լուծում իշխանությունը չի տալիս։ Գների թանկացումը պետք է լիներ վերջին զենքը, մինչդեռ Երևանի համար կան այլ լուծումներ, դրանցից մի քանիսն առաջարկել եմ իրենց. ավտոկայանատեղեր պետք է կառուցել մի քանի հասցեներում՝ պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում։ Օրինակ՝ առաջարկել եմ Մալիբուի այգու հետնամասում մասնավորին տրված տարածքում պետություն-մասնավոր համագործակցությամբ կառուցել 5-6 հարկանի ավտոկայանատեղի, ինչից հետո փողոցներում առաջին գծում մեքենաներ չեն կանգնի, և փողոցի թողունակությունը կավելանա։

Նմանատիպ ավտոկայանատեղի կառուցելու առաջարկ արվել է նաև Շրջանայինի և Մերգելյան ինստիտուտի տարածքում։ Առաջարկները մերժել են, չեն համաձայնում։ Իմ համոզմամբ՝ Երևան քաղաքը բյուջեի խնդիր ունի, և քաղաքացուն իրենց համար դարձրել են տուգանքի մատերիալ։ Կարծում եմ՝ Փաշինյանը վրեժ է լուծում երևանցիներից, որովհետև ՔՊ-ին ձայն չտվեցին, դրա համար էլ Երևան քաղաքին պետական բյուջեից այս տարի գումար չտվեցին, ինչը արել են 2023 թվականին՝ նախընտրական տարում»,-ասաց Մանուկյանը՝ շեշտելով, որ կարմիր գծերի թանկացմանը գումարվում է նաև Երևանի կենտրոնում ստորգետնյա կայանատեղիներում կայանումների համար գների բարձրացումը, իսկ հունվարի 1-ից էլ՝ ուժի մեջ մտած գույքահարկի թանկացումը: Արդյունքում ստացվում է՝ մտել են քաղաքացու գրպանը։

«Ի դեպ, թանկացնում են, բայց նվազագույն որևէ նոր ծառայություն քաղաքացուն չեն մատուցում։ Ստացվում է՝ ամսական 18 հազար դրամ պետք է քաղաքացին վճարի միայն կայանելու համար։ Հավելեմ, որ ստում են քաղաքացուն, թե կարող է օրական 400 դրամ վճարել կայանման համար»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ թանկացումների շղթան այսքանով չի ավարտվելու, քանզի այս իշխանությունը թանկացնելու է նաև հասարակական տրանսպորտը։

Նշենք, որ Երևանի ավագանու որոշմամբ մինչև 5 անգամ թանկացել են նաև գիշերը աշխատող առևտրային օբյեկտների, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների, բաղնիքների, մասնավոր գերեզմանատների համար սահմանված պետական տուրքերը։

Երևանի ավագանին չի բարձրացրել խաղատների, շահումով խաղերի, վիճակախաղերի համար սահմանված պետական տուրքը՝ դրանք թողնելով անփոփոխ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը