Լրահոս

14.01.2024 09:18


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:

Սարավան-«Զանգեր», Երասխ գյուղից Տիգրանաշենի ոլորաններ և Ջերմուկի խաչմերուկից Կապան տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Ստեփանավան, Դիլիջան և Նոյեմբերյան քաղաքներում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի, Դիլիջան-Վանաձոր և Նոյեմբերյան քաղաքի ավտոճանապարհներին, Բերդի տարածաշրջանում, Տիգրանաշենի (տեղ-տեղ), Դիլիջանի ոլորաններում առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Այս խորագրի վերջին նյութերը