Աշխարհ

15.01.2024 19:44


Կանադացի ռեփեր T-Sav-ը ցմահ ազատազրկման է դատապարտվել երգի պատճառով

Կանադացի ռեփեր T-Sav-ը ցմահ ազատազրկման է դատապարտվել երգի պատճառով

Կանադացի ռեփեր T-Sav-ը (իսկական անունը՝ Թայրել Նգուեն) դատապարտվել է կրկնակի ցմահ ազատազրկման երկու սպանության համար այն բանից հետո, երբ դատարանը նրա երգի բառերում խոստովանական ցուցմունքներ է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է տեղական CBC հեռուստաալիքը։

Դրա փոխանցմամբ՝ 24-ամյա ռեփերը մեղավոր է ճանաչվել երկու մարդու՝ Ռենդի Քանգի և ուսանող Ջագվիր Սինգհ Մալհիի սպանության համար։

Բրիտանական Կոլումբիայի Գերագույն դատարանի դատավոր Միրիամ Գրոփերը որոշել է, որ ռեփերի երգերից մեկն իրականում խոստովանություն է 2017 թվականին Քանգի սպանության վերաբերյալ: Ավելին, երաժշտական տեսահոլովակը, ինչպես նաև հիմնական վկայի ցուցմունքը, այն ապացույցների մի մասն էր, որը դատավորին համոզել է երկու սպանություններում Նգուենի մեղավորության հարցում:

Քննիչների կարծիքով՝ Քանգի սպանությունը երկու ավազակախմբերի՝ The Brothers Keepers-ի և The Red Scorpions-ի միջև տեղի ունեցած բախման հետևանք էր, մինչդեռ Մալհին, ըստ երևույթին, սպանվել էր սխալմամբ:

«Քանի որ ես համաձայն եմ, որ երգի բառերը վերաբերում են Ռենդի Քանգի գնդակահարությանը, եզրակացնում եմ, որ Նգուենը տեսահոլովակում պնդում է, որ ինքն է կրակողը, և որ ինքն է Ռենդի Քանգի սպանության հեղինակը կամ առնվազն մասնակիցը»,–եզրափակել է դատավորը։

Այս խորագրի վերջին նյութերը