Աշխարհ

18.01.2024 10:34


Պակիստանը հրթիռակոծել է Իրանի տարածքը. կանայք ու երեխաներ են զոհվել

Պակիստանը հրթիռակոծել է Իրանի տարածքը. կանայք ու երեխաներ են զոհվել

Պակիստանը հունվարի 18-ի վաղ առավոտյան՝ ժամը 4։30-ի սահմանում, հրթիռային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Ինչպես գրում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով պակիստանցի պաշտոնյային, հրթիռային հարձակումն ուղղված էր «հակապակիստանյան խմբավորումներին» :

«Ես միայն կարող եմ հաստատել, որ մենք հարվածներ ենք հասցրել հակապակիստանյան գրոհայիններին Իրանում»,-պաշտոնյայի խոսքն է մեջբերում գործակալությունը:

Ավելի վաղ Mehr գործակալությունը, վկայակոչելով Սարավանի նահանգապետի՝ անվտանգության ու իրավական հարցերով տեղակալ Ալիրեզ Մարհամաթիին, հայտնել էր, որ պայթյունների ձայներ են լսվել Իրանի հարավ-արևելքում՝ Պակիստանի հետ սահմանին գտնվող Սերավան նահանգի մի քանի շրջաններում։

Մարհամաթին նաև հայտնել է, որ Պակիստանի հրթիռային հարվածների հետևանքով Իրանի քաղաքացի չհանդիսացող յոթ մարդ է մահացել։ Ինչպես մանրամասնել է պաշտոնյան, զոհվել է երեք կին և չորս երեխա։

Պակիստանի ԱԳՆ-ն ավելի ուշ մեկնաբանել է Իրանին հարվածներ հասցնելու լուրը՝ նշելով, որ իրենք մի շարք ճշգրիտ հարվածներ են հասցրել Իրանում գտնվող «ահաբեկիչների թաքստոցներին», որոշ «ահաբեկիչներ» ոչնչացվել են։

Ըստ ԱԳՆ հայտարարության՝ Պակիստանը տարիներ շարունակ անհանգստություն են հայտնել Թեհրանին այն առընչությամբ, որ Իրանի տարածքում «պակիստանյան ծագումով ահաբեկիչներ» են ապաստանում, սակայն Թեհրանը բավարար միջոցներ չի ձեռնարկել նրանց դեմ։

Նշենք, որ օրերս Իրանն էր հրթիռակոծել Պակիստանի տարածքը՝ թիրախավորելով ահաբեկիչներին: Պակիստանը դատապարտել էր այդ քայլը, հետ էր կանչել Թեհրանում իր դեսպանին՝ խոստանալով համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը