Աշխարհ

18.01.2024 13:18


Միլի Մեջլիսն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի դեմ, սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ակտիվները

Միլի Մեջլիսն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի դեմ, սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ակտիվները

Ադրբեջանն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի դեմ, ինչի մասին ասվում է Միլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի՝ երեկ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի վերաբերյալ ընդունած հայտարարության մեջ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ՝ հաշվի առնելով Ֆրանսիայի շարունակվող հակաադրբեջանական գործունեությունը։

Միաժամանակ առաջարկվել է սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ցանկացած ակտիվ, եթե այդպիսիք կան, դադարեցնել բոլոր տնտեսական հարաբերությունները Ֆրանսիայի հետ, բոլոր ֆրանսիական ընկերությունները, այդ թվում՝ Total-ը, վտարել Ադրբեջանից, արգելել ֆրանսիական ընկերություններին մասնակցել պետական նախագծերին, հանձնարարել Ադրբեջանի ԱԳՆ-ին քայլեր ձեռնարկել Կանակայի, Մաոհի Նուիի և Կորսիկայի անկախությունը ճանաչելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պահանջող բանաձև։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը.

Աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը,

Դատապարտում է Ադրբեջանի կողից իր դաշնակիցների աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին և 20-ին իրականացված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում,

Կոչ է անում Ադրբեջանին երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ երաշխավորելով այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը,

Կոչ է անում ադրբեջանական զորքերի և նրանց դաշնակիցների անհապաղ և անվերապահ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից,

Նշում է, որ Հայաստանն իրավունք ունի պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ունենալու միջոցներ՝ ապահովելու իր անվտանգությունը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով,

Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կամայական ձերբակալությունները,

Կոչ է անում հեռացնել Ադրբեջանին Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտեից,

Կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում փորձագետների միջազգային խմբի ստեղծումը և գործուղումը Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային և կրոնական ժառանգության վիճակի վերաբերյալ տեղեկատվական զեկույց պատրաստելու համար,

Կարևորում է նաև ամենախիստ միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ակտիվների առգրավումը և Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգոն՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:

Բանաձևը համահեղինակել են Սենատի բոլոր քաղաքական խմբակցությունների ղեկավարները` Բրունո Ռըտայոն, Մարիզ Կարրերը, Սեսիլ Սուկիերմանը, Գիյոմ Գոնտարը, Պատրիկ Կաները, Հերվե Մարսելը, Կլոդ Մալյուրեն և Ֆրանսուա Պատրիան, ինչպես նաև Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը:

Նիստը նախագահում էր Սենատի փոխնագահ Սոֆի Պրիմասը։ Նիստին ներկա էր նաև Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն։

Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի Սենատի օրակարգում ընդգրկվել է բանաձև, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում, կոչ է անում կանխել ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման հետագա փորձերը, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառմամբ և Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխավորմամբ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը