Աշխարհ

18.01.2024 18:40


Nokia սմարթֆոնների ապրանքանիշը շուտով կվերանա. ինչո՞ւ այն չկարողացավ իր տեղը գտնել շուկայում

Nokia սմարթֆոնների ապրանքանիշը շուտով կվերանա. ինչո՞ւ այն չկարողացավ իր տեղը գտնել շուկայում

2024-ի փետրվարի 1-ին Nokia-ի պաշտոնական կայքից կանհետանա այս ապրանքանիշի սմարթֆոններով բաժինը։ Այժմ այնտեղ ներկայացված են Nokia-ից բջջային հեռախոսների բիզնեսը գնած HMD Global ընկերության սարքերը՝ Nokia ապրանքանիշի ներքո։ 2026-ից, սակայն, HMD Global-ն այլևս չի վաճառի Nokia սմարթֆոններ։

Ինչպես հայտնում է ITHome-ը, Nokia-ի կայքի սմարթֆոնների բաժինը պաշտոնապես արդեն փակվել է, սակայն այնտեղ դեռ կարելի է մուտք գործել nokia.com/phones ուղիղ հղումով։ Փետրվարի 1-ից այս բաժինը, ըստ HMD Global-ի, ամբողջությամբ կհեռացվի որպես «ապրանքանիշի փոխակերպման պլանի» մաս:

Վերջերս HMD Global-ը, առանց որևէ հայտարարության, գործարկել է hmd.com կայքը, որը շուտով կներկայացնի Nokia սմարթֆոնների, ինչպես նաև HMD Global-ի գործընկերների ֆիրմային սարքերի էջերը: Սակայն 2025-ից հետո ընկերությունը վերջնականապես կդադարեցնի Nokia ապրանքանիշով սարքերի արտադրությունն ու վաճառքը։

Ինչո՞ւ Nokia-ն չկարողացավ տեղ գտնել ժամանակակից շուկայում

Տեխնոլոգիաների աշխարհն այսօր շարժվում է արագ տեմպերով, և ընկերությունները, որոնք չեն կարողանում հարմարվել փոփոխվող միտումներին և սպառողների պահանջներին, կարող են շատ արագ մրցակցությունից դուրս մնալ: Nokia-ն, որը ժամանակին համարվում էր աշխարհի լավագույն բջջային հեռախոսների արտադրողը, այժմ մոռացված է գրեթե բոլորի կողմից։ Պատճառը, կարծես, այն է, որ բրենդը դիմակայում էր սմարթֆոնների էվոլյուցիային, փոխանակ ընդուներ այն և հարմարվեր։ Երբ մրցակիցներն սկսեցին սմարթֆոններ արտադրել և դրանցում ավելի նոր հնարավորություններ և գործառույթներ ներդնել, Nokia-ի դժկամությունը լիովին ընդունելու այս հեղափոխությունը, շատ փորձագետների կարծիքով, դրա ձախողման հիմնական պատճառներից մեկը դարձավ:

Այսպես, ապրանքանիշը համառ էր և չփորձեց սմարթֆոններ արտադրել Android օպերացիոն համակարգով, մինչ այս ՕՀ-ն մեծ տարածում էր ձեռք բերում և կիրառվում ավելի ու ավելի շատ արտադրողների սարքերում: Ավելին, Nokia-ի ղեկավարությունը երկար ժամանակ, կարծես, մտածում էր, թե մարդիկ չեն ընդունի սենսորային էկրանով հեռախոսները և կշարունակեն օգտագործել QWERTY ստեղնաշարը։ Այս թյուր կարծիքը ապրանքանիշի անկման սկիզբը դարձավ:

Շատ ուշ գիտակցելով շուկայի միտումները՝ Nokia-ն ներկայացրեց իր օպերացիոն համակարգը՝ Symbian-ը, և այն ներդրեց իր սմարթֆոններում։ Սակայն օգտատերերը, ինչպես և սպասվում էր, բախվեցին մի շարք խնդիրների, քանի որ նոր օպերացիոն համակարգը չուներ հավելվածների և մշակողների էկոհամակարգի աջակցություն, որն առաջարկում էին մրցակից հարթակները, ինչպիսիք են iOS-ը և Android-ը: Անշնորք ու անհարմար ինտերֆեյսը և սահմանափակ հավելվածների ընտրությունը թույլ չտվեցին Symbian-ին արդյունավետ մրցակցել վերը նշված օպերացիոն համակարգերի հետ:

Այս ամենը, ի շարս անհաջող մարքեթինգային ռազմավարության, արտադրանքի նորարարության պակասի, Microsoft-ի հետ ժամանակին և վատ մտածված գործարքի և բավականաչափ արագ հարմարվելու և փոփոխվելու անկարողության, ի վերջո հանգեցրին նրան, որ Nokia-ն հավանաբար ընդմիշտ կլքի շուկան։

Աղբյուրը՝ tech.news.am

Այս խորագրի վերջին նյութերը