Տնտեսական

22.01.2024 11:22


Կառավարությունը ստիպված կլինի 2 մլրդ դոլար վճարել պարտքերը փակելու համար

Կառավարությունը ստիպված կլինի 2 մլրդ դոլար վճարել պարտքերը փակելու համար

Իշխանության ջանքերով Հայաստանի պետական պարտքը վերջին տարիներին մեծ տեմպերով ավելացել է, այն էլ գերազանցապես կառավարության վերցրած ահռելի պարտքերի պատճառով։ Բայց այսօր կխոսենք ոչ թե պարտքերի աճի, այլ սպասարկման մասին։ Այն մասին, թե ինչպիսի հսկայական գումարներ են վճարվում վերցրած պարտքերը փակելու համար։

Վերջին տարիներին կամ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, սարսափելի աճել են ոչ միայն պետական պարտքերը, այլև պարտքերի սպասարկման ծախսերը։ Կառավարությունն ամեն տարի խոշոր գումարներ է վճարում, որպեսզի մարի իր վերցրած պարտքերը։ Վճարում է, բնականաբար, ոչ թե իր գրպանից, այլ հարկատուների փողերի հաշվին։ Դրա համար այդքան անխնա ծանրաբեռնում է պարտքը։

Միայն այս տարի պարտքի սպասարկման համար 2,7 տրիլիոն դրամանոց եկամուտներ ունեցող Հայաստանի բյուջեն կվճարի 805 մլրդ դրամ կամ գրեթե 2 մլրդ դոլար։

Խոսքը տոկոսների ու մայր գումարների մարման մասին է, որոնք նախորդ տարվա համեմատ՝ 200 մլրդ դրամով կամ գրեթե 500 մլն դոլարով կավելանան։

Երկու միլիարդ դոլարը, որն այս տարի պիտի վճարվի կառավարության պարտքը սպասարկելու համար, հսկայական ծանրություն է մեր բյուջեի վրա։ Այդ պատճառով էլ շատ դեպքերում դա արվում է նոր պարտքեր ներգրավելու միջոցով։ Նոր պարտքեր են վերցնում՝ եղածները փակելու համար։ Եղածները չեն կարողանում սպասարկել՝ նորերն են վերցնում։

Այսպիսի արատավոր քաղաքականությունը երկիրը թաղում է պարտքերի մեջ, որից երբևէ հնարավոր չի լինելու առանց մեծ կորուստների դուրս գալ։

Ու չնայած սպասարկման համար վճարվող ահռելի գումարներին, տարեցտարի պարտքն ավելանում է։

Այս տարի էլ նույնը կլինի։

Սպասվում է, որ կառավարության պարտքը կավելանա ևս 655 մլրդ դրամով՝ հասնելով 5,3 տրիլիոն դրամի՝ ընդհուպ մոտենալով 13 միլիարդ դոլարին։

Երբեք և ոչ մի կառավարություն այսքան մեծ պարտքեր չի վերցրել ու ծանրաբեռնել պետական պարտքի սպասարկումը։

Հինգ-վեց տարում, տարադրամով արտահայտված, գրեթե 5 մլրդ դոլարի պարտքեր են ներգրավել։ Զարմանալի չէ, որ սպասարկումն էլ հասել է այդպիսի ահռելի չափերի։

Այս տարվա համար նախատեսված 805 մլրդ դրամից 483 միլիարդը կուղղվի պարտքի մարմանը, իսկ մնացած 322 միլիարդը՝ տոկոսների վճարմանը։

Պետական բյուջեի վրա շուրջ 644 մլն դոլար կնստի միայն արտաքին պարտքի մարումն ու տոկոսների վճարումը. մարումը կկազմի 434 մլն դոլար, տոկոսների դիմաց կվճարվի 210 մլն դոլար։

Եվս 72 միլիոն կվճարվի արտարժութային պարտատոմսերի թողարկման միջոցով ներքին տնտեսությունից վերցրած տարադրամային պարտքերի սպասարկման համար։

Վերջին տարիներին կառավարությունը ոչ միայն դրամային, այլև տարադրամային պարտքեր է վերցնում ներքին շուկայից։ Պարտատոմսեր է տեղաբաշխում ու վերածում տարադրամային պարտքի։

Նախկինում տարադրամային պարտքեր միայն դրսից էին ներգրավվում։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունները որոշել են, որ նաև ներսից պետք է ներգրավեն, չնայած դրանք ավելի թանկ միջոցներ են, քան միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավվող վարկերն ու փոխառությունները։

Բայց քանի որ կառավարությանն այդքան էժան վարկեր ու փոխառություններ տվող չկա դրսում, ներսից են ներգրավում՝ ավելի բարձր տոկոսներով։ Ներգրավում են ու ծանրացնում պարտքի նաև տոկոսային բեռը։

Ներքին շուկայից կառավարության ներգրավված տարադրամային պարտքերն արդեն անցնում են կես միլիարդ դոլարից։

Այդ գումարների տոկոսները միայն այս տարի կկազմեն 72 մլն դոլար։

Ընդհանուր առմամբ կառավարությունը տարադրամային պարտքերի սպասարկման գծով պետական բյուջեից կվճարի 716 մլն դոլար։

Մնացածը կլինի ներքին պարտքի սպասարկումը, որը կկազմի 515 մլրդ դրամ, տարադրամով արտահայտված՝ ավելի քան 1,2 մլրդ դոլար։

Խոսքը դրամային պետական գանձապետական պարտատոմսերի թողարկումից ներգրավված պարտքերի սպասարկման մասին է, որին ուղղվող գումարներն անցած տարվա համեմատ կտրուկ ավելացել են։ Անցած տարի 350 մլրդ դրամի կարգի էին։ Այս տարի աճել են գրեթե 47 տոկոսով։

Գումարի մեծ մասը կուղղվի մարմանը։ Կառավարությունը մտադիր է 305 միլիարդի մարում իրականացնել։

Տոկոսները բյուջեի վրա կնստեն գրեթե 210 մլրդ դրամ։

Ներքին պարտքերի սպասարկումը գնալով շատ ավելի մեծ միջոցներ է տանում բյուջեից։ Այդպես է, որովհետև կառավարությունը որոշել է նախապատվությունը տալ ներքին պարտքերին։

Ակնկալվում է, որ վերջին հատկապես երկու տարվա կտրուկ ավելացումից հետո, արդեն այս տարի ներքին պարտքը տոկոսային հարաբերությամբ գրեթե կհավասարվի արտաքինին, տարբերությունը շատ քիչ կլինի՝ ի համեմատ 5-6 տարի առաջվա։ Նիկոլ Փաշինյանի գալուց հետո ոչ միայն պարտքն է մեծ տեմպերով ավելացել, այլև կառուցվածքն է էապես փոխվել. արտաքին էժան վարկերին փոխարինելու են եկել ներքին թանկ պարտքերը։

Ժամանակին նախկիններին մեղադրում էին պարտքեր վերցնելու մեջ, որքան էլ դրանք անհամեմատ էժան պարտքեր էին, իրենք ոչ միայն մեծ պարտքեր, այլև շատ ավելի թանկ պարտքեր են վերցրել ու այսօր էլ շարունակում են նույնն անել։ Նաև դա է պատճառը, որ պարտքի սպասարկումը մեծապես ծանրացել է։

Ծանրացել է՝ ինչպես հսկայական նոր պարտքերի, այնպես էլ՝ բարձր տոկոսավճարների պատճառով։

Վերջին երեք տարվա ընթացքում կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը բարձրացել է ևս 2,7 տոկոսային կետով։

Կար ժամանակ, երբ Հայաստանի պարտքի միջին տոկոսադրույքն էր այդպիսին, նույնիսկ ավելի ցածր։

Հիմա հասել է 7 տոկոսի։

Բայց դա էլ դեռ վերջը չէ. այս տարի էլ կբարձրանա։ Կառավարության գնահատումներով, կհասնի 7,2 տոկոսի։

Հիմա հավանաբար զարմանալի չէ, թե ինչու ենք տարեկան այդքան մեծ գումարներ վճարում պարտքերի մարման ու տոկոսների սպասարկման համար։

Մի քանի տարում պարտքերը գրեթե կրկնապատկել են, իսկ պարտքի գինը կտրուկ բարձրացրել ու թանկացրել։ Արդեն իսկ լուրջ ծանրություն են թողել բյուջեի վրա՝ միայն թանկ պարտքեր ներգրավելու հաշվին։ Բայց շարունակում են նույնն անել։ Մտադիր էլ չեն կանգ առնել։ Չնայած այլևս կանգնելու հնարավորություն էլ չկա։ Պարտքը ձնագնդի նման ավելանում է ու մեծացնում բյուջեի սպասարկման բեռը։ Այս տարի պարտքի միայն տոկոսավճարը կհասնի ՀՆԱ 3,1 տոկոսին՝ կազմելով բյուջեի ծախսերի 10 տոկոսը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը