Աշխարհ

23.01.2024 19:37


Բերանով շնչելու սովորությունը մրսածությունից հետո կարող է դառնալ հոգնածության պատճառ

Բերանով շնչելու սովորությունը մրսածությունից հետո կարող է դառնալ հոգնածության պատճառ

Մրսածությունից բուժվելուց հետո բերանով շնչելու սովորությունը կարող է դառնալ ինքնազգացողության երկարատև վատացման, քնկոտության և աշխատունակության նվազման պատճառ, տեղեկացրել է Daily Mail-ը։

Ամերիկյան Olbas ընկերության (արտադրում է եթերայուղեր) և գործող ընտանեկան բժիշկ Ռոջեր Հենդերսոնի համատեղ անցկացրած հարցման ընթացքում հավաքվել են երկու հազար մարդու (քնած ժամանակ) տվյալներ շնչառության մասին։ Հարցվողներին խնդրել են պատմել, թե որքան հաճախ են նրանք բերանով շնչում քնած ժամանակ, և նշել, թե արդյոք իրենք տառապում են քթի քրոնիկական խցանվածությամբ։

Արդյունքները ցույց են տվել, որ գրեթե յուրաքանչյուր երրորդ մարդը, որը բերանով է շնչել քնած ժամանակ (հարցվողների 31 տոկոսը), հաճախ քթի խցանվածության զգացողություն է ունեցել։ Մասնակիցների միայն 15 տոկոսն է, որոնք շնչել են միայն քթով, նշել խցանվածության մասին։

Դոկտոր Հենդերսոնը բացատրել է, որ բերանով շնչելու սովորությունը կարող է առաջացնել մի շարք առողջական խնդիրներ։ Բերանով շնչելը հանգեցնում է այն բանին, որ օրգանիզմը բավարար չափով թթվածին չի ստանում։ Արթնանալուց հետո մարդը կարող է հոգնածություն, աշխատունակության անկում զգալ։ Սխալ շնչառությունը կարող է նաև դառնալ բերանի լորձաթաղանթի չորացման պատճառ, ինչը բարձրացնում է կարիեսի և լնդերի հիվանդության հավանականությունը։

Նշվել է, որ հաճախ բերանով շնչելու սովորությունը մարդկանց մոտ ի հայտ է գալիս մրսածության ժամանակ, երբ քիթը խցանվում է։ Այն կարող է պահպանվել առողջանալուց հետո՝ բացասաբար ազդելով քնի որակի և ինքնազգացողության վրա։ Բերանով շնչելու պատճառ կարող է լինել նաև քթի միջնապատի թեքությունը։ Քթով շնչելուն նպաստելու համար խորհուրդ է տրվում օգտվել անոթները նեղացնող սփրեյից և քնել՝ մեջքին պառկած։

Բժիշկն ավելացրել է, որ քիթն ապահովում է օդի մաքրումը փոշուց և այլ մանր մասնիկներից, ինչպես նաև տաքացնում է այն՝ հասցնելով օրգանիզմին անհրաժեշտ ջերմաստիճանի։ Այդ պատճառով քթով շնչելը համարվում է բնական և ավելի անվտանգ։

Աղբյուրը՝ med.news.am

Այս խորագրի վերջին նյութերը